Երթի մասնակիցներին թույլ չտվեցին անցնել նախագահական նստավայրի մայթով (տարբերակ 4, տեսանյութեր)
Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Անկախության համազգային երթը», որը, ինչպես պարզվեց արտոնված չէր։ Երթի կազմակերպիչներին, որոնց թվում էր նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և զգուշացրեց, որ այն արտոնված չէ։
Այդուհանդերձ, Վալերի Օսիպյանը չարգելեց տոնի կապակցությամբ անցկացվող միջոցառումը և հույս հայտնեց, որ ամեն ինչ խաղաղ կանցնի։
Երթին մասնակցում են ակտիվիստներ, քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ, հասարակական խմբեր, կուսակցականներ, Նախախորհրդարանի անդամները։
«Ոչ մաքսային միությանը», «Պետական դավաճանը պետք է պաշտոնանկ արվի», «Ես անկախ եմ» նման բովանադակ պաստառներ պարզած, ինչպես նաև եռագույն դրոշներով քաղաքացիները շարժվեցին Հյուսիսային պողոտայով, Մաշտոցի պողոտա, այնուհետև դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր։
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով անկախության ձեռքբերումների մասին, նշեց. «Ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է, Ղարաբաղի պատերազմում հաղթանակը և վերջին շրջանում ևս մեկ կարևոր ձեռքբերում ունեցանք, չեմ ուզում ասել քաղաքացիական հասարակություն, այլ կարելի է ասել քաղաքացիական ինստիտուտի կայացում»։
Հարցին, թե ընդդիմադիր պատգամավորը վտանգ տեսնո՞ւմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից՝ նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, վտանգ սպառնում է, ընդհանրապես, վերջին տարիներին իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որն անկախությունը վտանգի տակ է դնում»։
18.04
Ամիրյան փողոցում ոստիկանները մի պահ փորձեցին խոչընդոտել երթի անցկացմանը, սակայն երթի մասնակիցները շարունակեցին այն։
17.43
Երթի մասնակիցներին թույլ չտվեցին անցնել նախագահական նստավայրի մայթով
Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանները խոչընդոտեցին երթը՝ թույլ չտալով մասնակիցներին նախագահական նստավայրի մայթով առաջ ընթանալ։
Սակայն երթի մասնակիցները չեն համաձայնում դիմացի մայթով իջնել Բաղրամյան փողոցով և կանգնել են անմիջապես խաչմերուկի վրա՝ խոչընդոտելով երթևեկությունը։ Ակտիվիստները մի մեծ եռագույն դրոշ են պարզել խաչմերուկի վրա։
Մինչ այդ ոստիկանների և ակտիվիստներից Դանիել Իոնեսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Ակտիվիստը ոստիկանի հետ վեճի բռնվեց, քանի որ ոստիկանը հակառակ նրանց կոչերի, թե «որոշողը մենք ենք», ասաց՝ կորոշեք, կտեսնենք։ Դանիել Իոնեսյանը ոստիկանից նաև պահանջում էր «Դուք»–ով խոսել իր հետ։
Երթն այս պահին դիմացի մայթով շարժվում է դեպի նախագահան նստավայր։
18.34
Քիչ առաջ երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց նպատակն էր խաղաղ երթ անցկացնել և ցույց տալ, որ իրենք դեմ են այս իշխանություններին և որ պետք է ազատվել նրանցից։
Երթի ընթացքում նրանք «Հեռացիր», «Ազատ անկախ Հայաստան» կոչեր էին հնչեցնում։
Նրանք հայտարարեցին, որ երթերը շարունակական են լինելու, քանի որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի 1991թ.–ի Անկախության հանրաքվեին և ՀՀ Սահմանադրությանը հակասող հայտարարություններին, մասնավորապես Մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամության մասին սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արված հայտարարությանը։










