ԱՄՆ-ն կբախվի նոր ֆինանսական ճգնաժամի, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետպարտքի շեմը. Օբամա
Եթե ամերիկյան Կոնգրեսը չքվեարկի պետական պարտքի շեմի բարձրացման օգտին, ԱՄՆ-ում կարող է նոր ֆինանսական ճգնաժամ սկսվել։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Եթե Կոնգրեսը չավելացնի պետպարտքի շեմը, երկրում կարող է նոր ֆինանսական ճգնաժամ սկսվել»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Ford մեքենաշինական գործարանի աշխատակիցների առջև։
ԱՄՆ-ի դեֆոլտը՝ պարտային պարտավորությունների առումով, տեղի կունենա արդեն հոկտեմբերի սկզբին։
2011թ.-ին դժվարին բանակցությունները Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև պետական պարտքի շեմն ավելացնելու վերաբերյալ ԱՄՆ-ին գրեթե դեֆոլտի էին հասցրել. այդ ժամանակ խնդիրը հաջողվեց լուծել գրեթե ամենավերջին վայրկյանին։
Ելույթ ունենալով Միսսուրիում՝ Օբաման նաև Կոնգրեսի ստորին պալատին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել 2014թ.-ի ֆինանսական տարվա բյուջեն։
«Եթե Կոնգրեսը դա չանի առաջիկա 10 օրերի ընթացքում, կառավարության աշխատանքը կդադարեցվի»,- նախազգուշացրել է նախագահը։










