Շատ ազգեր մեզ կնախանձեին բթամտության հարցում. Պարույր Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ այսօր մարդիկ շատ են դժգոհում, թեև հայերն ուրախանալու շատ բան ունեն:
«Աշխարհի շատ ազգեր մեզ կնախանձեին բթամտության հարցում, ճշմարտուրացության, ազգադավության հարցում, մենք բացառիկ ազգ ենք այդ առումով»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց նա։
Պարույր Հայրիկյանը հարց ուղղեց հանրությանը.«Ի՞նչ մակարդակի պետք է լինել, որ չհասկանալ, թե ինչ կար Հայաստանում 1991թ. սեպտեմբերի 20-ին և ինչ ունեցանք 21-ին: Այս աստիճանի բթամտությո՞ւն: Ասենք մի ապուշ ասել է, որ այդ օրը անկախության օրն է և իր նման ապուշների օգնությամբ ամրագրել է օրենքում, ուրեմն մենք թութակի նման պիտի կրկնե՞նք, կապի՞կ ենք, թե՞ մարդ ենք»:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 20-ին կար Հայաստան օգոստոսի 23-ի հռչակագրով անկախացած, 21-ին ունեցանք հանրաքվե: «Ինչքա՞ն բթամիտ պիտի լինել, որ այդ օրը նույնացնել անկախության օրվա հետ»,- ասաց նա և ավելացրեց. «Ես ու իմ ընկերներն ենք եղել այս օրը նախապատրաստողը, որ ժողովուրդը «այո» է ասել անկախությանը»:
ԱԻՄ առաջնորդը խոսքն ուղղեց նաև իշխանություններին. «Ձեզ ո՞վ է իրավունք տվել, բթամիտնե՛ր, որ մեր ժողովրդի մտածողությունը փչացնելով կոչում եք Անկախության օր: Ի՞նչ է, այս ազգը անցյալ չի՞ ունեցել, պատմություն չի՞ ունեցել, երբեք անկախ չի՞ եղել, որ 22 տարի առաջ է անկախություն ստացել»:
Պարույր Հայրիկյանը շնորհավորելով բոլորին ինքնորոշման տոնի առթիվ՝ գուշացրեց, որ բոլորին բթացնում են, որ լիարժեք մարդ չլինի երկրում:
«Ես այսօր խոսում եմ ոչ միայն իմ անունից, այլև իմ այն ընկերների անունից, ովքեր ուղիղ քառասուն տարի առաջ որոշեցին, որ Հայաստանը պետք է անկախանա հանրաքվեի ճանապարհով»,– ասաց նա:
«Իսկ բոլոր օլիգարխները, բռնակալները, ստորաքարշները միշտ վախեցել են մարդկանց ինքնորոշման իրավունքից, հիմա էլ վախենում են, դրա համար էլ ասում են՝ կոչենք անկախություն, լղոզենք պատմությունը, մայիսի 28-ն էլ անհասկանալի տոն դարձնեն, ու հետո մարդկանց ինչպես ուզենան, այնպես էլ կկառավարեն»,-ավելացրեց նա:
Անդրադառնալով տոնական միջոցառումներին՝ Պարույր Հայրիկյանն ավելացրեց. «Այսօր երեկոյան համերգ է լինելու, Նունե Եսայանը պետք է երգի, բայց արդյոք հայ անկախականների երգերից պե՞տք է լինի այդ համերգին:
««Դե եկեք եղբայրներ միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք, հայրենյաց սուրբ սիրով զորանանք, Հայաստանն ազատենք»: Այս երգը 1974թ.-ին է գրվել, որպեսզի ունենանք սեպտեմբերի 21: Իսկ այսօր ձեզ պիտի բերեն ասեն՝ «Զարթնիր լաո, մեռնիմ քըզի»»,– ասաց Պարույր Հայրիկյանը:










