Ռուսական ձկնորսական նավի վրա Հյուսիսային Կորեայի կողմից կրակ է բացվել

11:45 • 21.09.13

Ռուսական «Ալտայ» ձկնորսական նավը գիշերը կանգնեցվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինվորականների կողմից՝ չեզոք ջրերում, տեղեկացնում է Интерфакс-ը։

 

Ռուսական ձկնորսական կազմակերպության հանրային կապերի կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Սավելևի տվյալներով՝ կենդանի ծովախեցգետնի բեռ տեղափոխող նավը դուրս էր եկել Զարուբինո նավահանգստից և ուղևորվում էր Դոնգհէ (Կորեայի Հանրապետություն)։

 

«Նավում գտնվել են անձնակազմի 17 անդամներն ու հրամանատարը»,-ասել է նա։
 

Գիշերը Ճապոնական ծովում՝ Վլադիվոստոկից 90 մղոն հեռավորությամբ, նավի ուղղությամբ կրակ է բացվել։ Հետո նավին է մոտեցել հյուսիսկորեական ռազմանավը, իսկ զինված մարդիկ մտել են ռուսական նավը, զննել այն և հարցաքննել հրամանատարին։ Նրանք հարցրել են, թե ո՞ւր են գնում, ի՞նչ ուղեբեռով, քանի՞ մարդ կա նավում, ի՞նչ դրոշ և այլն։
 

Դրանից հետո նրանք լքել են նավը։