Երեք օր ու գիշեր. 83-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսն այսօր ամուսնանում է

10:30 • 21.09.13

Նախորդ ամիս իր 83-ամյակը տոնած ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն այսօր ամուսնանում է, հայտնում է Reuters-ը։ Սա նրա երրորդ ամուսնությունը կլինի։

 

Հայտնի ներդրողի ընտրյալն է 42-ամյա Թամիկո Բոլթոնը։ Նախկինում նա զբաղվել է համացանցում սննդային հավելումների վաճառքով, իսկ հետո հիմնել յոգայի օնլայն պարապմունքներ առաջարկող ընկերություն։

 

Սորոսն ու Բոլթոնը (վերջինիս համար սա երկրորդ ամուսնությունն է) ծանոթացել են 2008-ին։ Նրանց նշանադրության մասին հայտնի է դարձել 2012-ի օգոստոսին։

 

Հարսանիքը կտևի 3 օր։ Հրավիրյալների թվում են շատ հանրահայտ քաղաքական գործիչներ, գործարարներ, նաև Սորոսի 5 երեխաները։ Ի դեպ, նրանք հյուրերին խնդրել են նվերների փոխարեն գումարը փոխանցել բարեգործական կազմակերպությունների։

 

Հարսանիքը տեղի կունենա Սորոսի՝ Բեդֆորդում գտնվող կալվածքում։ Այս առանձնատունը ֆինանսիստը գնել է 2003-ին։

 

Հարսը կկրի լիբանանցի հայտնի դիզայներ Ռիմ Ակրայի զգեստը, որը «հագցնում» է բազմաթիվ աստղերի, այդ թվում՝ Անջելինա Ջոլիին և Ջենիֆեր Լոպեսին։


Կիրակի նորապեսակները կկազմակերպեն տոնական ճաշ, որի ժամանակ ելույթ կունենա հայտնի երգչուհի Մայրա Անդրադեն և Via Romen գնչուական անսամբլը։

 

Forbes ամսագրի համաձայն՝ Սորոսի կարողությունը գնահատվում է 20 մլրդ դոլար։