Թբիլիսիում ՀՀ դեսպանատանը ընդունելություն՝ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ (լուսանկարներ)

11:24 • 22.09.13

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հովհաննես Մանուկյանը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիում ՀՀ դեսպանության պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ նորագույն պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները միմյանց համար հանդիսանում են հուսալի հենարան:

«Անկախության առաջին օրերից Հայաստանը` տրանսպորտային շրջափակման պայմաններում, կարողացավ զգալ Վրաստանի եղբայրական աջակցությունը: Իր հերթին, երբ Վրաստանում էներգետիկ ճգնաժամ էր, հարևանին օգնության բարեկամական ձեռք մեկնեց Հայաստանը»,- ասել է դեսպան Մանուկյանը՝ նշելով, որ երկրների, մեր ժողովուրդների ճակատագրերը սերտորեն փոխկապակցված են, և այդ կապն ունի հազարամյակների պատմություն: Բավական է թերթել պատմության էջերը, հիշել մեր մեծ թագավորներին և զորավարներին` Վախթանգ Գորգասալ, Սահակ Բագրատունի, Աշոտ Բագրատունի, Գագիկ, Դավիթ Շինարար թագավորներ և Թամարա թագուհի, Վահան Մամիկոնյան, հասկանալու համար, որ մենք ունենք ոչ միայն ընդհանուր պատմություն, այլ նաև ընդհանուր ճակատագիր:


Հովհաննես Մանուկյանը Fasebook-ի իր էջում տեղադրել է ՀՀ անկախության օրվա առթիվ ընդունելության լուսանկարներ: