«Խաղաղության պոդիում». Գյումրիում Խաղաղության միջազգային օրվան նվիրված քայլերթ և ֆիլմի քննարկում (լուսանկարներ)
Խաղաղության միջազգային օրը «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը Գյումրիում նշեց մի շարք միջոցառումներով:
«Մեր առաքելությունն է իրականացնել հասարակության հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ,- Tert.am-ի հետ զրույցում նշեց ծրագրի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը,- Խաղաղության օրվա կապակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է մարդկանց միավորումը խաղաղության գաղափարի շուրջ արվեստի, արհեստների, երաժշտության, ստեղծագործական աշխատանքների միջոցով»:
Խաղաղության միջազգային օրը՝ սեպտեմբերի 21-ը, տոնում են ՄԱԿ-ի 193 երկրներում: Տոնի գլխավոր խորհուրդը խաղաղության, ինչպես նաև պատերազմի վտանգների մասին մարդկանց իրազեկելն է, քանզի առանց խաղաղության համընդհանուր զարգացում գրեթե անհնար է: Գյումրիում Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառումների այս շարքն առաջին անգամն էր իրականացվում:
Կազմակերպիչները նախ կինոդիտում էին կազմակեպել Գյումրիի «Ջազ ակումբում»: Հանդիսատեսին ներկայացվեց Լիլիթ Մովսիսյանի 2012թ-ին նկարահանած «Ես էլ» ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակը: Դեպքերը տեղի են ունենում հոգեբուժարանում: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում:
Միջոցառման երկրորդ մասը կազմակերպվել էր «Վադապատ» դիսկո-ակումբում: Նորաձևության շոու ցուցադրությանը մասնակցում էին Գյումրու մի շարք գեղեցկության սրահներ: Միջոցառման երկրորդ հատվածը կազմակերպիչները կոչել էին «Խաղաղության պոդիում» : Խաղաղությանը նվիրված միջոցառումների շարքն ավարտվեց քայլերթով :
Մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից երթով հասան մինչև Վարդանանց հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ֆլեշ-մոբ : Մինչ այդ, քայլերթի մասնակիցները մի փոքրիկ ֆլեշ-մոբ էլ անցկացրեցին Գյումրու Դրամատիկական թատրոնի առաջ, որտեղ գրկախառնվեցին միմյանց և անծանոթ մարդկանց հետ՝ հիշեցնելով նրանց, որ աշխարհում նշվում է Խաղաղության տոնը :










