Մաքսային միությանը դեմ գիտակից մասի կողմից կստեղծվի գաղափարական ընդդիմություն. Բորիս Նավասարդյան
Մաքսային միությանը դեմ գիտակից մասի կողմից կստեղծվի գաղափարական ընդդիմություն. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այսօր դժվար է Հայաստանում որևէ գաղափարի շուրջ, որևէ թեմայի շուրջ մեծ ակցիա կազմակերպել, քանի որ երկրի բնակչության մեծ մասը տարված է միայն սոցիալական հոգսերով և ավելի բարձր կատեգորիաների մասին չի էլ մտածում: Միևնույն ժամանակ նա կարևոր հանգամանք է համարում նույնիսկ այսօրվա «վախի մթնոլորտում» գաղափարին նվիրված բավականին շատ մարդկանց առկայությունը: ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին կարծում է, որ ուղղակի սխալ վերլուծությունների արդյունքում կամ սեփական շահն առաջնային համարելով՝ իշխանությունը գնաց այդ «շատ տհաճ քայլին»: Ի լրումն՝ Բորիս Նավասարդյանը ենթադրում է, որ և՛ քաղաքացիական ակտիվիստներից, և՛ տարբեր կուսակցական պատկանելություն ունեցող գիտակից, իրազեկ և պատասխանատու մարդկանցից կձևավորվի ՄՄ-ին դեմ գաղափարական ընդդիմություն:
- ՀՀ անկախության 22-ամյա տարեդարձին երիտասարդ ակտիվիստների նախաձեռնած ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն «Անկախության համազգային երթը» բավականին սակավամարդ էր: Ըստ Ձեզ՝ երթի կազմակերպիչների մոտ չկա՞ր սխալ հաշվարկ, և դա էլ ավելի վարկաբեկեց անկախության գաղափարը:
-Իմ տվյալներով՝ 1000-1500 մարդ էր մասնակցում. դա այդքան էլ քիչ չէ: Կարևորը, որ հիմնականում երիտասարդներն էին: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանն ընդհանրապես, ապա, ցավոք, այո՛, մեր երկրի բնակչության մեծ մասը տարված է միայն սոցիալական հոգսերով և ավելի բարձր կատեգորիաների մասին չի էլ մտածում: Եվ այսօր ցանկացած գաղափարի շուրջ Հայաստանում շատ քիչ մարդ է հավաքվում, և եթե հակառակ նպատակով երթ լիներ, ինձ թվում է՝ ավելի սակավամարդ կլիներ: Այսինքն՝ սա է մեր քաղաքացիական ակտիվության աստիճանը: Եվ ես չեմ պատկերացնում, որ առանց արհեստական խրախուսումների այսօր կարելի է Հայաստանում որևէ գաղափարի շուրջ, որևէ թեմայի շուրջ մեծ ակցիա կազմակերպել: Բայց կրկնում եմ, որ սա ոչ թե վերաբերմունք է անկախության նկատմամբ, այլ քաղաքացիական ակտիվության վիճակն է:
-Բայց մյուս կողմից, այս ընթացքում անընդհատ գովաբանվում էր քաղհասարակությունը, որ ապրեն, որ ակտիվ են, ի տարբերություն քաղաքական ուժերի: Ծեծվեցին, բռնությունների ենթարկվեցին, հիմա ի՞նչ պատահեց:
-Ինձ թվում է՝ ոչ մի բան էլ չպատահեց: Ինձ թվում է՝ նույնիսկ այսօրվա Հայաստանի պայմաններում ունենալ այդքան գաղափարին նվիրված մարդիկ, այս ծեծերի ու հարձակումների պայմաններում, երբ, փաստորեն, վախի մթնոլորտ է ձևավորվում քաղաքացիական ակցիաների մասնակիցների շրջանում ... կարևորը, որ նրանք երիտասարդ մարդիկ են, որոնք ուղղակի կարող էին հաճելի ժամանց ունենալ, բայց իրենց ողջ օրը տրամադրեցին երթի նախապատրաստմանն ու երթին մասնակցելուն: Ես չեմ գտնում, որ այդ քաղաքացիական ակտիվիզմի վերաբերյալ պիտի երեկվանից (սեպտեմբերի 21-ից – Tert.am) հետո հոռետեսական տրամադրություններ ձևավորվեին:
-Իսկ, որ նշում եք՝ «վախի մթնոլորտ», Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից հետո նման միտումներ իրո՞ք եղել են: Մանավանդ, ոստիկանապետը ոստիկանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այլևս անցել են այն ժամանակները, որ ոստիկանը պետք է հանդուրժի բողոքի ակցիայի մասնակիցների կողմից, իբր, վիրավորանքներն ու կոպտությունը:
- Տրամաբանական է այդպես մտածել, քանի որ մտերմությունն այն երկրների հետ, որոնք չեն հանդուրժում բազմակարծություն, որոնք չեն հանդուրժում ազատ քաղաքացիների ազատ կամարտահայտություն, եթե մտնում ես այդպիսի «կոմպանիա», բնականաբար, ուզես թե չուզես այդ միտումները կտեղափոխվեն նաև Հայաստան: Ցավոք, բայց նաև այն մարդիկ, որոնք բավարար իրազեկ են և բավարար գիտակից են՝ հասկանալու համար, թե ինչպիսի ճակատագրական սխալ է գործել մեր իշխանությունը, նրանք կհամախմբվեն և, թեկուզ փոքրամասնություն լինելով առաջին փուլում, հստակ նպատակի շուրջ կփորձեն ձևավորել արդեն իրոք գաղափարական ընդդիմություն:
-Այսինքն՝ Դուք կանխատեսում եք այս հենքի վրա նոր ընդդիմադիր ուժի ստեղծո՞ւմ տարբեր կուսակցությունների մեջ մտնող անհատների կողմից:
-Այո՛, ենթադրում եմ և՛ քաղաքացիական ակտիվիստներից, և՛ տարբեր կուսակցական պատկանելություն ունեցող մարդկանցից, որոնք գիտակից են, իրազեկ և պատասխանատու:
-Այսինքն՝ նոր ընդդիմություն՝ զուտ արևմտամետ լինելու հենքի վրա:
-Այո՛, դա, փաստորեն, այսօր այն գաղափարախոսական «նիշչան» է, որի հենքի վրա իրոք Հայաստանում հնարավոր է համախմբում: Ես ընդհանրապես արևմտամետության, եվրոպամետության և ժողովրդավարության միջև քիչ տարբերություն եմ տեսնում այսօր մարդկանց տրամադրությունների մեջ:
-Եթե նման բան եք կանխատեսում, ապա հնարավո՞ր է, որ Դուք նախաձեռնեք նման կուսակցության ստեղծումը:
-Ո՛չ, կուսակցական գործունեությունն իմ ժանրը չէ, ես ինձ միշտ տեսնում եմ հասարակական-քաղաքացիական դաշտում, բայց երբ քաղաքացիական դաշտն ունենում է հստակ հակասություն իշխանության հետ արտաքին քաղաքական ուղղվածության հետ կապված, որը մինչ այդ չի եղել, որովհետև եղել են դժգոհություններ կուրսի իրականացման հետ կապված, որ այն արդյունավետ, հետևողական չէ, բայց որ կուրսը սխալ է, այդպիսի տրամադրություններ քաղաքացիական հասարակության մոտ չեն եղել: Այսօր դա տեղի է ունենում, և ոչ թե կուսակցականացում, բայց որոշակի քաղաքականացում քաղհասարակության շրջանակներում ակնկալում եմ:
-Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է: Օրինակ՝ լիբերալ Հրանտ Բագրատյանը վերջերս հայտարարեց, որ ինքը, լինելով այդպիսին, գիտակցում էր, որ առանց համալիր լուծման, ասոցացվելու դեպքում Հայաստանը ընկնելու էր ռուսական տանկի թրթուրի տակ: Այսինքն՝ հարյուր տոկոսով համոզվա՞ծ եք, որ Ձեր նշած տրամադրությունը գերիշխող է քաղաքական ուժերի մոտ:
-Քաղաքական ուժերի մեծամասնությունը, երբ արտահայտվում է Մաքսային միության օգտին, դեռ չի նշանակում, որ նրանք գտնում են, որ եվրոպական արժեքները Հայաստանի համար չեն կամ եվրոպական ուղղությունը մեզ զարգացման և արտաքին քաղաքականության սխալ ճանապարհով է տանում, նրանք ուղղակի համարում են, որ դա վնաս է հասցնում Հայաստանի անվտանգությանը: Եվ հիմնականում ուղղակի այդ պատճառով են հակված Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու: Այսինքն՝ վտանգների, ռիսկերի, վախի արդյունքում ձևավորվում են այսօր իրենց գաղափարական մոտեցումները …
-Իսկ ինչու ոչ՝ պրագմատիզմի:
-Եթե «պրագմատիզմ» ասելով նկատի ունեք տնտեսական առավելությունները, ապա կա՛մ մարդիկ ուղղակի այն չեն ասում, ինչ մտածում են, կա՛մ սխալ հաշվարկներ են անում, կա՛մ ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ հետևանքներ է բերելու Հայաստանին Մաքսային միությունը: Բայց մեծ մասը, ըստ իս, հասկանում է, բայց ուղղակի զբաղվում են մարդկանց խաբելով: Եվ իրենք իրենց:
-Նկատի ունեի ռազմական անվտանգության առումով:
-Բնականաբար, որոշակի խնդիրներ այստեղ կան, և պարզ է, որ Հայաստանն այս փուլում չունի այլ անվտանգության համակարգ, գոտի մտնելու այլընտրանքային հնարավորություն: Բայց եթե մենք 3,5-4 տարի բանակցում էին Եվրամիության հետ՝ շրջանցելով անվտանգության հարցը, և ԵՄ-ն չէր պնդում, որ Հայաստանը նաև պիտի ասոցացման համաձայնագրում ունենա անվտանգության օրակարգ, ապա դա նշանակում է, որ կան մոդելներ, ճանապարհներ՝ համատեղելու տնտեսական-քաղաքական մերձեցումը մեկ կառույցի հետ և անվտանգության առումով՝ մյուսի: Մանավանդ, որ անխուսափելի է, և Ռուսաստանը վաղ թե ուշ գնալու է եվրոպականացման ճանապարհով: Այսինքն՝ դրանք ժամանակավոր հակասություններ են, որոնք հաղթահարելի են, և ուղղակի սխալ վերլուծությունների արդյունքում կամ սեփական շահն առաջնային համարելով մեր իշխանությունը գնաց այդ շատ տհաճ քայլին:
- Իսկ Դուք այդ առումով համարո՞ւմ եք, որ գնացքը մեկնել է: Դավիթ Շահնազարյանը, օրինակ, ամեն ինչ կորած չի համարում և առաջարկում է ասոցացման ավելի ցածր կարգավիճակով մոդելներ, երբ մենք կարգավիճակով ավելի բարձր լինենք Բելառուսից և Ադրբեջանից և ավելի ցածր՝ Մոլդովայից ու Վրաստանից, որոնք Վիլնյուսում նախաստորագրելու են:
- Գիտեք, ամեն ինչ հնարավոր է, տարբեր ձևաչափեր են: Բայց երբ դու հնարավորություն ունեիր ավելի բարձր կարգավիճակ ունենալ և համակերպվում ես ավելի ցածրի հետ, դա արդեն տխուր է: Դա նշանակում է, որ դու քո ուժերի վրա վստահ չես, դա նշանակում է, որ երկրում չկա համախմբում, դիմադրություն արտաքին ճնշումների նկատմամբ, իսկ ներսում էլ չկա կայունություն և համաձայնություն ազգային շահի շուրջ: Տեսե՛ք, Ուկրաինայում նույնիսկ կոմունիստներն արտահայտվում են ասոցացման համաձայնագրի շուրջ: Դա նշանակում է, որ այդ երկրում ազգային շահի նկատմամբ կոնսեսուս ձևավորվել է: Բնական կոնսեսուս մեզ մոտ չի ձևավորվել, և առաջնային են դարձել նեղ կուսակցական ու խմբային շահերը:










