Սույն իշխանություններն անցողիկ են, Հայրենիքը և Ազատությունը՝ հավերժ. «Ժառանգության» շնորհավորական ուղերձը անկախության տոնի առթիվ

23:25 • 23.09.13

«Ժառանգության» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ: 

 

Ուղերձում ասվում է.  «Քսան և երկու տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վերահռչակվեց անկախ պետություն:


Հայաստանի` հազարամյակներ բոլորած պատմական երթում սա ոսկեզoծ տարեթիվ է և արժանահիշատակ իրադարձություն: Սա Ուրարտուից սկզբնավորված մեր թագավորությունների և 20-րդ դարում կերտված հանրապետությունների ժառանգորդ Հայաստանի արդի Հանրապետության ծնունդն է: Անկախության վերականգնումը հայության ներկա սերնդի կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, որը ենթակա չէ որևէ նսեմացման կամ զիջման:


Նվիրական տոնի 22-րդ տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորելով մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, մաղթում ենք միասնականություն ու նորանոր նվաճումներ` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական, ի փառս Հայաստանի Հանրապետության:


Միաժամանակ ականատեսը լինելով այն պարսավելի գործունեության, որով ժամիշխանությունը վտանգում է մեր Անկախությունը` փորձելով երկիրը տանել դեպի նոր կայսերական ուղեծիր, մենք զգոնության կոչ ենք անում ամենեցուն` մեկընդմիշտ գիտակցելու, որ եվրոպական քաղաքակրթության օրրան ծառայած Հայաստանի ապագան մեր շահերը ճանաչող ու արժևորող ժողովրդավարական հանրույթում է:


Հայաստանի որևէ իշխանակարգ, առավել ևս իշխանությունը բռնազավթած անձը, ով նախ կազմակերպված հանցագործությամբ գողացել է ընտրություններն ու բռնաճնշումներ գործադրել ընդդեմ սեփական քաղաքացիների, ով հայ-թուրքական ապազգային արձանագրություններ է ստորագրել, ով համաձայնություն է տվել նվաստացուցիչ Մադրիդյան սկզբունքներին, իսկ հիմա Մաքսային միությանն անդամակցելու նախաձեռնություն է ցուցաբերում, իրավունք չունի ռուբիկոն հատելու և սակարկման առարկա դարձնելու Հայաստանի ինքնիշխանությունը՝ ինչ նկատառումներով և ում կողմից էլ «շնորհավորված» լինի: Չընտրված այս իշխանությունը իրավունք չունի Հայաստանն առաջնորդելու դեպի 1921-ի անօրինական ու հակապետական թուրք-բոլշևիկյան համաձայնության նորովի կրկնություն, որը, ինչպես հայտնի է, հանգեցրեց հայ ազգի հպատակեցման և հայրենի բնօրրանի մասնատման:


Դատապարտելով Սահմանադրությամբ ամրագրված պետական ինքնիշխանության հրամայականը խախտող մարդկանց` ցանկացած կայսրության ենթարկվելուն միտված քայլերը, համոզված հայտարարում ենք, որ պետության գլխավոր օրենքն ու տարրական իրավունքն ապահովելու անկարող իշխանությունը պետք է հեռանա` չվտանգելու համար մեր անկախությունը և ապագան:


Եվ եթե ինքնահռչակ իշխանությունների քայլերի բացատրությունը քաղաքական շահն է, ապա դրա արդյունքի գնահատման չափանիշը ԼՂՀ անկախության ու ամբողջականության ճանաչումն է և նրա ժողովրդի անվտանգությունը:


Սույն իշխանություններն անցողիկ են, Հայրենիքը և Ազատությունը՝ հավերժ, ինչպես դարերի մեր երթը: Թող այդ երթը շարունակվի մեր ու գալիք սերունդների ջանքերով` Հայաստանի ծածանվող դրոշի, թևածող օրհներգի և կերտվող հաղթանակների ներքո»: