Բակո Սահակյանը Կանադայի խորհրդարանի անդամի հետ քննարկել է Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող հարցեր

13:10 • 23.09.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ և այս համատեքստում առանձնակի կարևորել է Կանադայի հետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կանադայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Ժիրայր Բասմաջյանը, պաշտոնատար այլ անձինք: