Եթե ես ՄՄ-ի հարցով կարծիք արտահայտեմ, մի գիտունիկ կգտնվի ու առաջ կքաշի իմ լիազորությունների դադարեցման հարցը. ՍԴ նախագահ
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե որքանով է Սահմանադրության դրույթներից բխում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության մասին:
«Սահմանադրական դատարանի նախագահին կամ անդամներին չի կարելի այնպիսի հարց ուղղել, որը կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա: Եթե ես այս հարցով փորձեմ որևէ կարծիք արտահայտել, վաղը մի գիտունիկ կգտնվի ու առաջ կքաշի իմ լիազորությունների դադարեցման հարցը»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ հենց օրենքն է արգելում խոսել մի բանի մասին, որը կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա լինել:
«Իսկ Մաքսային միության հարցի հետ կապված, ես կարծում եմ, որ տասնյակ փաստաթղթեր գալու են Սահմանադրական դատարան: Հենց այդ ժամանակ էլ ես կխոսեմ»,- ասաց նա:
Լուսանկարը՝ armtimes.com-ի










