Հիմնական պատճառը, որ ՀՀ-ն չասոցացվեց ԵՄ-ի հետ, Հաագայի քրեական դատարանի ճանաչումն է. Անդրիաս Ղուկասյան

15:28 • 23.09.13

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը անդրադառնում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տապալմանը և այս մարտահրավերներին ածանցվող մի շարք խնդիրների:


-Պարոն Ղուկասյան, Դուք բազմիցս արտահայտվել եք ԵՄ Ասոցացման համաձայնագրին դեմ և առաջիններից մեկն էիք, որ առաջ քաշեցիք հարցը, թե Ասոցացման դեպքում ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ: Սեպտեմբերի 13 –ին Fasebook –ում գրառում էիք կատարել, որ Սարգսյանի և Պուտինի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը վտանգում է հայ և ռուս ժողովուրդների իսկական շահերը։ Եվ որ Վիլնյուսի «տապալմանն ուղղված քաղաքականությունը բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի և Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններում»։ Դուք էլ, ինչպես ասում են, 180 աստիճանով շրջադարձ կատարեցիք: Եթե, ոչ, ապա բացատրեք:


- Ես հարց էի բարձրացրել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն անպայման առնչվելու է Հայաստանի համար խիստ զգայուն հարցերի հետ, ինչպիսիք են՝ Արցախի հետ սահմանը, Հայաստան-Իրան սահմանի կարգավիճակը և առևտրային քաղաքականությունը: Եվ այդ առումով մտահոգություններ էի արտահայտել, քանի որ այդ պահին չկար ԵՄ-ի հետ ասոցացման տեքստը և կար դրա օրինակը Ուկրաինայի հետ, և այդ մոդելի հետ կապված էլ առաջացել էին վերը նշված բոլոր հարցերը: Դրանք, իմ կարծիքով, անհրաժեշտ էր քննարկել, ինչը մեր երկրում փոխարինվեց պիտակավորումներով, որ եթե որևէ մեկը ԵՄ-ի հետ ասոցացման համատեքստում որևէ կրիտիկական արտահայտություն է անում, անմիջապես որակվում է ռուսամետություն: Եվ բոլոր նրանք, որոնք հարց էին բարձրացնում, որ ԵՄ-ի հետ ասոցացումը լուրջ գեոպոլիտիկ օրիենտացիայի հետևանքներ ունեցող խնդիր է, և այն անհրաժեշտ է բաց ու առարկայական քննարկել, այդ մարդանց նկատմամբ այն ժամանակ մեղադրանքներ էին հնչում, իսկ այսօր այլ իրադրություն է:

Բնականաբար, ՄՄ-ի հետ անդամակցելն էլ է հանգեցնում նույն խնդիրներին, որոնք բարձրացվում էին ԵՄ-ի ասոցացման հետ կապված, և այդ խնդիրները ոչ մի տեղ չեն կորել, մնում են: Եվ այստեղ կա մյուս հարցը, որը ես իմ այդ գրառման մեջ մատնանշել եմ. եթե Հայաստանը հարմար չէր գտնում ԵՄ-ի հետ ասոցացվելը, ապա ինքը պետք է հրաժարվեր, առանց Ռուսաստանին այդ պրոցեսի մեջ ներքաշելու: Որովհետև ընտրությունը՝ կամ ԵՄ-ի հետ ասոցիացիա, կամ ՄՄ-ի հետ անդամություն, արհեստական ընտրություն է: Էդպիսի ընտրություն քաղաքական օրակարգում չկա: ՄՄ-ի հիմնադիր փաստաթղթերը ձևավորվել են 2008 թվականից, երբ դեռևս ԵՄ-ի հետ ասոցացման մասին խոսք չկար: Եվ Հայաստանն առհասարակ դրանում ոչ մի մասնակցություն չի ունեցել: Հայաստանն առ այսօր միջազգային այդ փաստաթղթերի հայերեն թարգմանությունը չունի, որոնք դրված են ՄՄ-ի հիմքում: Հետևաբար, ասել, որ հարցը Հայաստանի առջև դրված էր որպես «կամ, կամ»՝ կամ մտնել ԵՄ-ի հետ ասոցացման հարաբերությունների մեջ, կամ Ռուսաստան,Ղազախստան, Բելառուս Մաքսային միության, նման պարտադրանք չկար: Եվ իմ կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը տեսնում էր, որ անհնար է Ասոցացման պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ, իսկ դրա համար լրջագույն պատճառներ կան։ Ինձ համար, օրինակ՝ այդպիսիներից մեկն է Հաագայի միջազգային քրեական դատարանի ճանաչումը: Ես չեմ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանն ու իր քաղաքական շրջապատը կարող են ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավասությունն իրենց նկատմամբ: Քանի որ խնդիրներ կան կապված և՛ Լեռնային Ղարաբաղի հետ, և՛ 2008 թվականի «Մարտի 1»-ի հետ, որոնց հանրագումարի արդյունքում ես բացառում եմ, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը կարող էին այդպիսի քայլ անել: Այդպիսի քայլ ՀՀ իշխանությունները չեն կարողացել անել սկսած 99 թվականից: Բանն այն է, որ 99 թվականի սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է միջազգային քրեական դատարանին վերաբերող կոնվենցիան՝ Հռոմի կոնվենցիան, բայց առ այսօր այն չի վավերացվել:


-Այսինքն՝ ըստ Ձեզ, քանի որ Միջազգային քրեական դատարանը կարող է լինել վերպետական ատյան և կարող է դատի տալ ՀՀ իշխանություններին, ուստի...


-Այո, կան մի շարք հանցագործություններ, որոնք ընդդատյա են միջազգային քրեական դատարանին, և այն իրավասու է ցանկացած երկրի ղեկավարությանը ենթարկել քրեական պատասխանատվության՝ իրենց կատարած գործողությունների համար: «Մարտի 1»-ի հետ կապված Հաագայի Միջազգային քրեական դատարան էին դիմել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները և գիտենք, որ 2011-ին Հաագայի ՄՔԴ-ի դատախազն ընդունել էր իրենց կողմից բերված բողոքը Ռոբերտ Քոչարյանի դեմ: Հենց այն պատճառով, որ Հայաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը, գործը չի քննվել, բայց այն պահին, երբ ճանաչի, այդ բողոքը քննության կառնվի: Եվ հիմնական պատճառը, որ Հայաստանը չասոցացվեց ԵՄ-ի հետ, այն է, որ պետք է Հաագային ճանաչեինք որպես միջազգային քրեական դատարան:


-Այսինքն՝ Հաագայի դատարանին միանալու և ճանաչելու կետը կա՞ր Ասոցացման համաձայնագրում:


-Դա պարտադիր կետ է, եթե նայեք Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, կտեսնեք, որ առանձին հոդվածով նշված է, որ Ուկրաինան ճանաչում է ՄՔԴ իրավասությունը: Եվ դա բնական է, որովհետև ԵՄ բոլոր 28 պետությունները ճանաչում են: Եվ ասոցացվել Եվրոպայի հետ, նշանակում է միանալ բոլոր այն հանգուցային քաղաքական-իրավական ինստիտուտներին, որոնք այդ միությունը ճանաչում է: Ինձ համար տեսանելի էր, որ իշխող խումբը երբեք նման քայլի չէր կարող գնալ։ Իմ կարծիքն այն էր, որ Եվրամիությունը և «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը»՝ ԵԺԿ-ն պարզապես ռեժիմի կողմից օգտագործվել են ընտրությունների արդյունքում վերարտադրվելու համար, իսկ ի սկզբանե ԵՄ-ի հետ ասոցացվելու ցանկություն ոչ ոք չի ունեցել: Դա խաբուսիկ գործընթաց էր, որի զոհն այսօր ԵԺԿ-ն ու ԵՄ-ն են: Բայց, երբ նման քայլեր անելու համար ներքաշվում է Ռուսաստանը, ապա Ռուսաստանն այդ դեպքում վտանգում է նաև իր երկրի շահերը: Եթե ԵՄ պետությունների մոտ ձևավորվի պատկերացում, որ Ռուսաստանը խոչընդոտում է ԵՄ-ի ինչ-որ մի բնականոն զարգացում, ապա սա կարող է այնպիսի հետևանքներ ունենալ, ինչպիսին օրինակ՝ 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերին չմասնակցելն է և այլն: Եվ սեպտեմբերի 3-ին կատարվածը Հայաստանի՝ բոլոր տեսակի հրաժարվելու ձևերից ամենավատն էր, որովհետև այն ոչ միայն Հայաստանի իշխանություններին բնութագրեց որպես ոչ վստահելի գործընկեր, այլև նաև նման ավանտյուրայի վրա հենված քաղաքականության մեջ ներքաշեց նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը:


-Լավ, հիմա ոնց որ թե ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը կա: Համենայնդեպս, վստահեցվում է, որ քաղաքական հայտարարություններին կհետևեն իրավական գործընթացներ: Կոնկրետ Դուք կո՞ղմ եք, թե դեմ եք Մաքսային միությանը:


- Ես գտնում եմ, որ Հայաստանում այն պետական խնդիրները, որոնք բարձրացվել էին, կարող են կարգավորվել և այսօր կարգավորվում են Մաքսային միության հետ ազատ առևտրի պայմանագրի միջոցով: Իհարկե, տեխնիկական ռեգլամենտների, ապրանքների ստանդարտների, դրանց միասնական լինելու կարևոր խնդիրներ կան, բայց դրանք պատճառ չեն ՄՄ-ին անդամակցելու համար: Որովհետև ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանն իր մասնակցությամբ որևէ կերպ կարող է այդ ստանդարտների մշակման վրա ազդել: Նախ, որովհետև շատ ուշ են միանում այդ միությանը. մարդիկ 2008-ից ստեղծել են այդ միությունը, օրենսդրական բազան, երբ Հայաստանն այսօր հայտ է ներկայացնում դրան միանալ, մենք արդեն միանում ենք պատրաստի, իրավական ռեգլամենտ ունեցող կառույցի, և հետևաբար, չենք կարող ինչ-որ բաներ փոխել ըստ մեր պատկերացումների: Դա պետք է արվեր 2008-ին, եթե այդպիսի քաղաքական հայեցակարգ կար: Այսօր ակնհայտ է, որ այս խնդիրների տնտեսական կողմը կարող է և այլ ճանապարհներով կարգավորվել: Ես դրա համար համարում եմ, որ Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի համար ավելի բացասական կողմեր կունենա, քան դրական: Եվ,առհասարակ, դեմ եմ նման որոշումներին, այն էլ՝ առանց քաղաքական ուժերի, առանց հանրության, տնտեսագետների հետ քննարկման: Եվ իրենց որոշման հիմքում չկա որևէ մեկի կամքը, բացի վերնախավի ցանկությունից:


-Այսինքն՝ Դուք հիմա՞ եք դեմ ՄՄ մտնելուն:


-Ես իմ քաղաքական դիրքորոշումը հայտնել եմ դեռևս իմ նախընտրական ծրագրում։ Ես կողմ եմ, որ Հայաստանը լինի «նեյտրալ», անկախ և ինքնուրույն պետություն, ներկա չլինի որևէ գեոպոլիտիկ միության մեջ: Իմ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, և այդ առումով ես ոչ թե հիմա եմ դեմ, այլ դեմ եմ:


-Երբ նշում եք, որ Հայաստանը չպետք է դրանում ներքաշեր Ռուսաստանին, կարո՞ղ եմ եզրակացնել, որ նկատի ունեք, որ դրա պատճառով հիմա Ռուսաստանը ստիպված է լինելու մեզ ընդունել ՄՄ:


- Դրանք շատ փակ, նեղ շրջանակին վերաբերող հարցեր են, ով ում ինչ փաստի առաջ կանգնեցրեց, պետք է նայենք հետևանքներին: Եթե Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետագա 4-5 ամիսների ընթացքում դրսևորի այնպիսի դիրքորոշում, որը միջազգային հանրությունն ընդունի որպես հակադրություն, ապա բնական է՝ այդ երկրները որոշում կկայացնեն չմասնակցել այս միջոցառմանը (օլիմպիադային-Tert.am), որովհետև միայն այն երկիրը կարող է այդպիսի միջոցառում անցկացնել, որը և՛ պայքարում է աշխարհում խաղաղության համար, և՛միջպետական համագործակցության մեջ է: Ռուսաստանն այսօր նման իրադարձությունների պատճառով բացասական կերպար է ստանում, և դա հարված է ռուս ժողովրդի շահերին: