Հաագայի դատարանը մեկ շաբաթով բաց է թողել Քենիայի փոխնախագահին` առևտրի կենտրոնում սպանդի բերումով

12:59 • 23.09.13

Հաագայի միջազգային քրեական դատարանի դատավորները որոշում են կայացրել մեկ շաբաթով բաց թողնել Քենիայի փոխնախագահ Ուիլիամ Ռուտոյին, որին դատում են մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը:

 

Ըստ այդմ` նա պետք է վերադառնա հայրենիք և փորձի օգնել մայրաքաղաքի առևտրի կենտրոնի ճգնաժամի գործում, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

 

Դատավորներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին և Քենիային` «իր համար այս ամենադժվարին ժամանակում»:


Ռուտոն, մասնավորապես, մեղադրվում է 2007-ին նախագահական ընտրություններից հետո բռնություններ հրահրելու համար: Ինքն իրեն մեղավոր չի համարում:

 

Երկուշաբթի օրվա դրությամբ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի պատանդառության ողբերգությունը շարունակվում է: Այժմ զինյալները սպառնում են սպանել պատանդներին, եթե անվտանգության ուժերը շարունակեն գրոհը: