Քուվեյթում ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 22-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի է ունեցել Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին:
Հրավիրյալների թվում են եղել Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ և անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը: Ընդունելությունը նշանավորվել է Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի և Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի մասնակցությամբ:
Երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքի և անկնկալվող ծրագրերի մասին, անդրադարձել է Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների կամրջման գործում:
Պետական ընդունելությունն ամբողջացել է ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով և Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ:










