Նայրոբիի առևտրի կենտրոնը գրաված գրոհայինների թվում է «սպիտակ այրին»

13:08 • 23.09.13

Նայրոբիի առևտրի կենտրոնում սպանդ կազմակերպած գրոհայինների թվում է Մեծ Բրիտանիայի 29-ամյա քաղաքացի Սամանտա Լյութուեյթը, որը 2005-ին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկի այրին է, հայտնում է Обозреватель-ը:

 

Հաղորդվում է, որ «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայիններն անձամբ են Twitter-ում հայտնել իրենց շարքերում «սպիտակ այրու» գտնվելու մասին, ում նրանք գովերգում են որպես «խիզախ լեդի»: Հատուկ ծառայությունները նրան փնտրում են արդեն մի քանի տարի:

 

Խմբավորման տվյալներով` բացի Լյութուեյթից, իրենց շարքերում մարտնչում են նաև երկու «սուրբ մարտիկներ» Լոնդոնից, որոնք 23 և 24 տարեկան են և, դատելով նրանց անուններից, մուսուլմանական արմատներ ունեն: Գրոհայինների թվում կան նաև երեք ամերիկացի՝ Մինեսոտայից և Կանզասից:

 

Սակայն «Ալ-Շաբաբ» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հերքել է բոլոր տեղեկությունները: Նրա խոսքով՝ գրոհայինների թվում չկան ոչ անգլիացիներ, ոչ ամերիկացիներ:

«Սպիտակ այրու» մասին լուրերը նա նույնպես հորինված է անվանել: