Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն է ակնկալում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում
Սոչիում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն է ակնկալում Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Սերժ Սարգսյանը հաստատել է կազմակերպության գործունեության հարցում հանրապետության հետաքրքրվածությունը, որը, ըստ ՀՀ նախագահի, կարևոր ներդրում ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում։
«Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասել է նա՝ դիմելով միաժամանակ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՇՀԿ-ի անդամ հանդիսացող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան։
ՇՀԿ-ին անդամակցում է Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանն ու Ուզբեկստանը։ Կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը։










