Pussy Riot-ի երգչուհուն սպառնացել են սպանել, նա հացադուլ է հայտարարել

12:34 • 23.09.13

Pussy Riot սկանդալային փանք խմբի անդամ, 2 տարվա ազատազրկման դատապարտված Նադեժդա Տոլոկոննիկովան հացադուլ է հայտարարել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Նրա խոսքով՝ իր քայլի պատճառն այն է, որ Մորդովիայի գաղութի պետի տեղակալը, որտեղ նա կրում է ազատազրկումը, սպառնացել է սպանել նրան:

 

Տոլոկոննիկովան դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտե, նրա հայտարարության մեջ մեջբերվում է պաշտոնյա Յուրի Կուպրիյանովի հետևյալ խոսքը. «Հաստատ քեզ համար էլ երբեք վատ չի լինի, քանի որ այն աշխարհում վատ չի լինում»:

 

Տոլոկոննիկովան հայտնել է նաև, որ իրեն սպառնում են այլ կալանավորներ` ասելով, թե դա լիազորված է բանտի ղեկավարության կողմից:

 

Հացադուլով նա բողոքում է նաև կարուձև անող կին կալանավորների 16-17 ժամ տևող աշխատանքային օրից. նրանք ոստիկանական համազգեստ են կարում: Թերանալու համար նրանց զրկում են զուգարան գնալու կամ հաց ուտելու իրավունքից:

 

2012-ի օգոստոսի 17-ին խմբի երեք աղջիկներն ազատազրկվել էին երկու տարով Քրիստոս Ամենափրկչի տաճարում ելույթ ունենալու համար: