Եկեղեցում վատառողջ վիճակ է. Արամ Ա կաթողիկոսի ելույթը եպիսկոպոսաց ժողովին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն այսօր եպիսկոպոսաց ժողովին իր ելույթում ասել է, որ եթե այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջնելով շրջեր հայ եկեղեցիների ներսում, ապա վստահաբար դարձյալ պիտի ընդվզեր՝ տեսնելով եկեղեցում պարզած վատառողջ վիճակը:
«Եօթերորդ դարուն Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոս Վարդավառի տօնին խորապէս կը վրդովի ի տես եկեղեցիէն ներս կատարուող աններդաշնակ ծիսակատարութեան: Այս դառն փորձառութիւնը, Հայրապետը կը մղէ գումարելու Դուինի երկրորդ ժողովը, 648–ին, և հաստատելու շարք մը կանոններ հայ եկեղեցւոյ ծիսական, բարոյական ու դաւանաբանական մարզերուն առնչուած: Եթէ այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկինքէն իջնելով շրջէր մեր եկեղեցիներէն ներս, վստահաբար դարձեալ պիտի ընդվզէր տեսնելով մեր եկեղեցւոյ պարզած վատառողջ վիճակը...»,- ասել է կաթողիկոսը:
Նրա խոսքով՝ պատմության ընթացքում հայ հայրապետների կողմից եղել են բազմաթիվ նախաձեռնություններ հայ եկեղեցին բարեկարգելու համար: Սակայն այնքան արմատական ու արագ փոփոխություններ են տեղի ունեցել ընկերության կյանքում, որ այսօր, փաստորեն մի հսկա վիհ է գոյացել հայրերի հաստատած կանոնների ու ներկա ժամանակների մտահոգությունների ու մարտահրավերների միջև. «Մեր պատմութեան վերջին դարերու պայմանները, երբ մեր ժողովուրդին ու հայրենիքին գոյութիւնը խնդրոյ առարկայ դարձած էր, չներեցին, որ մեր եկեղեցին լծուի բարեկարգչական ծրագրուած ու համապարփակ աշխատանքի: Այսօր, հազար փառք կու տանք Աստուծոյ, որ մեզի այս եզակի պատեհութիւնը ընծայեց երկու Վեհափառ Հայրապետներուն նախաձեռնութեամբ ու առաջնորդութեամբ եւ մեր եկեղեցւոյ եպիսկոպոսներուն մասնակցութեամբ լծուելու ծիսական բարեկարգութեան այնքան հրամայական գործընթացքին»:
Արամ Ա կաթողիկոսի ելույթն ամբողջությամ կարդացեք այստեղ:










