Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում (տեսանյութ)
Քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանը իրեն մեղավոր չի ճանաչում և նախաքննական մարմնի կողմից իրեն առաջադրված մեադրանքը, որ ծրագրել է ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին, չի ընդունում: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած գործով առաջին դատական նիստին հայտարարեց ամբաստանյալը: Նշենք, որ գործը նախագահում է դատավոր Արշակ Վարդանյանը:
Նրա պաշտպան Գայանե Գալոյանը նշեց, որ մեղադրանքը չի համապատասխանում իր պաշտպանյալի կատարած գործողություններին՝ իրավական հետևանք չի առաջացնում:
«Ի սկզբանե իմ պաշտպանյալը սպանության նպատակ չի հետապնդել: Մեղադրանքը առաջադրվել է այն հիմքով, որ ամբաստանյալները փորձել են տիրանալ տուժող Ռոբերտ Ավետիսյանի տանը, բայց Ավետյանը միակ սեփականատերը չէ, և, բնականաբար, նրանք չէին կարող տանը տիրանալ տուժողին կյանքից զրկելու դեպքում անգամ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ գործով մեղադրանք է առաջադրվել նաև տուժողի՝ Ռոբերտ Ավետյանի որդուն՝ Արսեն Ավետյանին՝ հորը թունավորելու փորձի համար, ինչպես նաև տաքսու վարորդ Վարուժան Սաֆտալյանին՝ այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ հաբեր է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին ու բացի այդ, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը, Արկադի Վարդանյանի ու Արսեն Ավետյանի նկատմամբ՝ կալանավորումը:
Առաջադրված մեղադրանքը չընդունեց ամբաստանյալներից Արսեն Ավետյանը: Նրա պաշտպան Գևորգ Մելիքյանն ընդգծեց, որ եթե նույնիսկ նման նպատակ ունեցել է ամբաստանյալը, ապա դա դեռ չի նշանակում, որ նախապատրաստություն կատարվել է:
Ի տարբերություն նրանց՝ իր մեղքը ընդունեց երրորդ ամբաստանյալը՝ Վարուժան Սաֆտալյանը:
«Թեթևամտորեն եմ վերաբերվել հարցին»,- ասաց նա:
Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը ներկայացրեց գործի էությունը: Ըստ այդմ՝ տուժող Ռոբերտ Ավետյանը հանել է իր որդուն տան հաշվառումից, որն էլ պատճառ է հանդիսացել, որ ամբաստանյալ Արսեն Ավետյանը միջոցներ ձեռնարկի հորը կյանքից զրկելու և նրա սեփականությանը տիրանալու համար: Հարցով խորհրդակցել է իր մտերիմ ընկերոջ՝ Արկադի Վարդանյանի հետ: Միասին քննարկել են սպանության տարբեր միջոցներ՝ կամրջից ցած նետելու, գետում խեղդելու և այլն: Ի վերջո, ամբաստանյալները որոշել են Ռոբերտ Ավետյանին կյանքից զրկել տալով նրանց բարձր չափաբաժնով հոգեմետ դեղեր: Այս հարցում նրանց օգնության է հասել տաքսու վարորդ Վարուժան Սաֆտալյանը, որը պարտք է եղել Արսեն Ավետյանին 500 հազար դրամի չափով, որոշել է օգնել: Ավանի հոգեբուժարանում բուժվող հիվանդներից մեկի միջոցով էլ ձեռք են բերել հաբերը: Նշենք, որ ըստ մեղադրանքի, սպանությունը ավարտին չի հասցվել, քանի որ իրավապահ մարմինները ժամանակին կասեցրել են:
Գործով ցուցմունք տվեցին հինգ վկաներից երեքը, մյուս երկուսը դատարան չէին ներկայացել: Երեք վկաներն էլ բժիշկներ էին: Նրանցից Անահիտ Այվազյանը և Նարինե Ստեփանյանը նշեցին, որ ձեռք բերված դեղը՝ ազալեպտինը, վերահսկվում է և վաճառվում միայն բժշկի դեղատոմսով: Նա ընդգծեց, որ այն մարդը ով երբևէ չի օգտագործել դեղը, կարող է ծանր ազդեցություն ունենալ բարձր չափաբաժնի պարագայում, իսկ տարեց մարդու դեպքում հետևանքը կարող է ավելի ծանր լինել:
Երկրորդ բժշկից՝ Սուրեն Ներսիսյանից տվյալ դեղի մասին հետաքրքրվել է հենց Արկադի Վարդանյանը և հարցրել թույլատրելի չափաբաժնի մասին:
Մյուս երկու վկաների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15-ին:










