ՀՀ դեսպանը հանդիպել է Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի հետ, քննարկվել է Երևան-Սոֆիա ավիաչվերթի հարցը

15:27 • 24.09.13

Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Հանդիպմանը քննարկվել են համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:


Նախարար Ստոյնևն ընդգծել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները:


Իբրև նախընտրելի ոլորտներ` նախարարն առաջարկել է համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության բնագավառներում:


Դեսպան Սհոյանը կարևորել է Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպումը` գործարարների և ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:


Կողմերը կարևորել են զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվել է նաև Երևան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը: