Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ազատամարտիկների հետ. առաջիկայում կհրավիրվի կլոր սեղան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ
Ծառուկյանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպել է մի խումբ ազատամարտիկների, որոնք հանդիպելու ցանկություն էին հայտնել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Բազմաթիվ հարցեր են քննարկվել, ազատամարտիկները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, առաջարկ է եղել առաջիկայում կլոր սեղան կազմակերպել, որին մասնակից կլինեն ինչպես ազատամարտիկները, այնպես էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և կլոր սեղանի շրջանակներում պետք է առաջ քաշվեն այն խնդիրները, որոնք ազատամարտիկների գնահատմամբ առաջնային լուծում են պահանջում»,- ասաց նա։
Իվետա Տոնոյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը ազատամարտիկների հետ համագործակցության առաջարկ արել է՝ նշելով, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը բաց է քննարկումների համար:










