Նայրոբիի ողբերգությունը շարունակվում է արդեն չորրորդ օրը

10:11 • 24.09.13

Երեքշաբթի առավոտյան Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում վերսկսվել է ինտենսիվ հրաձգությունը քենիական անվտանգության ուժերի և կենտրոնը գրաված ահաբեկիչների միջև, հայտնում է Reuters-ը:

 

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով` կենտրոնի տարածքում նաև մի քանի պայթյուն է տեղի ունեցել:

 

Երկուշաբթի երեկոյան քենիացի զինվորականներն իրենց վերահսկողության տակ էին առել կենտրոնի բոլոր հարկերը:

 

Նայրոբիի ամենաշքեղ առևտրի կենտրոնն ահաբեկիչների ձեռքում էր հայտնվել շաբաթ օրը երեկոյան, ինչի հետևանքով զոհվել է 68, փրկվել մոտ 200 մարդ, որոնցից 65-ը հիվանդանոց է տեղափոխվել: Շինությունում անհայտ թվով պատանդներ են մնում:

 

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» արմատական խմբավորումը, զինյալների թվում են Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ, բոլորը` 18-19 տարեկան:

 

Նայրոբիի օդանավակայանում ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչության հետ: