Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա հարձակվողների թվում եղել են ԱՄՆ-ի քաղաքացիներ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնում պատանդներ պահող գրոհայինների թվում «երկու կամ երեք ամերիկացի» է եղել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին, որը վկայակոչում է Քենիայի արտգործնախարար Ամինա Մոհամեդի խոսքերը:
Քենիացի արտգործնախարարի խոսքով՝ առևտրի կենտրոնի վրա հարձակմանը մասնակցած ամերիկացիները եղել են 18-19 տարեկան: Մոհամեդը պարզաբանել է, որ խոսքը «ծնունդով Սոմալիից և արաբական աշխարհի այլ երկրներից մարդկանց երեխաների մասին է»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դեռևս չունի այդ տեղեկությունների պաշտոնական հաստատումը:
Արտգործնախարարը հաստատել է նաև տեղեկությունն այն մասին, որ հարձակվողների թվում է եղել Մեծ Բրիտանիայից մի կին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակմանը մասնակցել է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում ահաբեկչություն կազմակերպած Ջերմեն Լինդսիի այրին՝ Սամանտա Լյութուեյթը:










