ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար անբավարար է համարում քիմիական զենքի ոչնչացումը երկրում՝ կոչ անելով բոլոր երկրներին դադարեցնել սովորական սպառազինությունների մատակարարումն ինչպես Սիրիայի իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մեզ հազիվ թե գոհացնի քիմիական զենքի ոչնչացումն այն պարագայում, երբ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունները կործանում են Սիրիան», - երեքշաբթի հայտարարել է Բան Գի Մունը ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդհանուր բաց քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ սովորական սպառազինությունների կիրառման հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 100 000-ը:
Անդրադառնալով քիմիական զենքին՝ նա կոչ է արել Դամասկոսին կատարել իր պարտավորությունները՝ ըստ Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի, որին անդամակցելու ցանկություն է հայտնել Սիրիան:










