Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանի կառավարությանը դադարեցնել Ռուսաստանի առաջ շան պես պոչ խաղացնելը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կոչ է արել իր երկրի կառավարությանը դադարեցնել Ռուսաստանի առաջ շան պես պոչ խաղացնելն ու զբաղվել միջազգային հանրության աջակցության մոբիլիզացմամբ՝ Շիդա Քարթլիում տեղի ունեցող գործընթացների դեմ բողոք հայտնելու նպատակով։
Ըստ աղբյուրի՝ ռուս սահմանապահները շարունակում են այնտեղ սահմանագծման աշխատանքներ իրականացնել։
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, նախագահը, մեկնաբանելով տեղի ունեցողը, ասել է, որ Վրաստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնաբար պաշտպանեն երկրի շահերը։
«Վերջին ամիսների ընթացքում մենք կորցրել ենք վերահսկողությունը բավական խոշոր գյուղատնտեսական հողերի նկատմամբ, ինչի մասին, ի դեպ, ոչ ոք գրեթե չի իմացել։ Այդ ամենն այնպես է արվել, որ Ռուսաստանը որևէ քաղաքական գին դրա դիմաց չի վճարել։ Հաճախ ասում էին, որ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Պուտինն ինձ տանել չի կարողանում։ Բայց այժմ մենք համոզվեցինք, որ կապ չունի, թե ով է իշխանության ղեկին»,-ասել է Սաակաշվիլին։
Նա նաև բողոքել է, որ Վրաստանի նոր կառավարությունը դադարել է խոսել «գրավյալ տարածքների» մասին ու սերտ կապեր չի պահպանում ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։










