Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքում է Սոչիում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին տեղեկությունը

18:45 • 24.09.13

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իրավիճակը Սոչիում, որտեղ հեղեղումների հետևանքով բնակելի տներ էին վնասվել, կարգավորվել է և վատթարացում չի կանխատեսվում, տեղեկացնում է Взгляд-ը։


«Ջրի մակարդակը կարգավորվում է, իսկ Լոոյում ջուրը քաշվել է։ Արտակարգ իրավիճակի ռեժիմ չի մտցվելու»,-ասել է պաշտոնյան։


Լոոյից տարհանվել է 40 մարդ, սակայն նրանք արդեն վերադարձել են իրենց տները։


«Ամենաբարդ հատվածները վերահսկվում են ԱԻՆ-ի օպերատիվ խմբերի կողմից»,-պատմել է գերատեսչության ներկայացուցիչը՝ նշելով, որ իրավիճակը վերահսկվում է։


Սոչիում աղետի հետևանքների վերացմանը մասնակցում է մոտ 60 մարդ և 26 միավոր տեխնիկա։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի քաղաքային խորհուրդը որոշել է արտակարգ դրություն հայտարարել։