Այս պահին դեռ չի ուրվագծվում, թե վիրահայությունը որ թեկնածուի նկատմամբ համակրանք ունի. Տաճատ Վարդապետյան

12:08 • 24.09.13

Ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի՝ Վրաստանում առաջիկա նախագահական ընտրություններում ցանկալի է, որ հաղթի այն թեկնածուն, որը կպահպանի Հայաստանի հետ ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Անդրադառնալով հարցին, թե որ թեկնածուն է իր նախընտրական ծրագրում վիրահայության խնդիրներին ավելի ցանկալի լուծումներ առաջարկում, նա պատասխանեց. «Սովորաբար բոլորի խոստումները ճոխ ու շքեղ են լինում ու իրարից քիչ են տարբերվում: Բայց դրանք պետք է կյանքի կոչել: Այս պահին դեռ չի ուրվագծվում, թե վիրահայությունը որ թեկնածուի նկատմամբ համակրանք ունի»:

Պատգամավորը նշեց, որ իր կարծիքով այս ընտրություններում վիրահայերի ձայների մեծամասնությունը, ինչպես նախկինում, չի տրվի մեկ թեկնածուի:

«Այս անգամ առաջադրված են երկու տասնյակից ավելի թեկնածուներ ու ելնելով բազմաքանակ կազմից, կարծում եմ, որ սպեցիֆիկ մոտեցում կցուցաբերվի: Իհարկե, լավ կլինի, որ մեկ թեկնածուի շուրջ հավաքվեն, բայց այս պարագայում այսպես հնարավոր չէ»,-ասաց նա:

Տաճատ Վարդապետյանը նաև նշեց, որ ցանկալի է, որ Վրաստանի նախագահ դառնա այն թեկնածուն, որը նաև ջերմ հարաբերություններ կպահպանի Հայաստանի գործընկեր պետությունների հետ:

«Մենք ապագայում դառնալու ենք Մաքսային միության անդամ: Այս պրիզմայով երբ դիտարկում ենք, ցանկալի է, որ Վրաստանը ջերմ հարաբերություններ ծավալի մեր գործընկերների հետ: Ռուսաստանը համարվում է մեր կարևոր ռազմավարական գործընկերը, ինչ խոսք, ցանկություն ունեմ, որ Վրաստանը նույնպես մտնի Մաքսային միություն, որ տարածաշրջանում ներդաշնակ մթնոլորտ լինի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը ամեն դեպքում կամուրջները չի այրել Եվրոպայի հետ ու նույնիսկ առաջիկայում հարաբերությունների ջերմացում է սպասվում: