Տավուշում 26-ամյա երիտասարդը պայթել է ականի վրա. ադրբեջանական զինուժի բացած կրակահերթը թույլ չի տվել մոտենալ նրան

11:02 • 25.09.13

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին, սեպտեմբերի 24-ին ականի պայթյունից զոհվել է նույն գյուղի 26-ամյա Էդվարդ Դալլաքյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը։


«Սահմանի վրա է եղել, գնացել էր խոզերին սահմանի վրայից հետ բերելու»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ երիտասարդը խոզերին հետ բերելիս է պայթել ականի վրա։ Այնուհետև ադրբեջանական կողմը որոշ ժամանակ կրակահերթ է բացել՝ թույլ չտալով, որպեսզի երիտասարդին օգնություն ցուցաբերվի, ինչի հետևանքով նա մահացել է՝ արյունաքամ լինելով։


Սասուն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ զոհված այգեձորցին մեկ տարի առաջ էր ամուսնացել։ «Կինն էլ՝ հղի, ուսանող»,- ասաց նա:


Այգեձորի գյուղապետի խոսքով՝ ականի վրա պայթյունի վերջին դեպքը եղել էր 4 տարի առաջ։ «Միների» վրա անասունների պայթյունների դեպքերը, իրենց «աչքին չի էլ երևում»:


Ի պատասխան հարցի, թե Հումանիտար ականազերծման կենտրոնը տեղանքը չի՞ ուսումնասիրել՝ ականազերծման նպատակներով, Սասուն Սաֆարյանն ասաց. «Դա ընենց տարածք չի, որ ականազերծում արվի, հակառակը, պետք է ականապատվի»: