Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասել Հիսուսի օրինակո՞վ, թե՞ համարել գլխիկոր նահատակներ. կարծիքներ

10:36 • 25.09.13

Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով սեպտեմբերի 24-27-ը Սուրբ Էջմիածնում ընթացող եպիսկոպոսաց ժողովի ժամանակ Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցին, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին քննարկել է, համոզմունք հայտնեց, որ հայ եկեղեցին պետք է սրբադասի ոչ թե նրանց, ովքեր գլխիկոր նահատակվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ նրանց, ում շնորհիվ այսօր հայ ազգն ապրում է:


«
Խնդիրն, իհարկե, զոհերի թվի մեջ չէ, բայց եթե զոհերը հանուն հայրենիքի պայքարած և նահատակված լինեին, ես կողմնակից կլինեի, որ նրանց սրբադասեին։ Թեև չեմ ուզում կոպիտ խոսք ասեմ, բայց ամեն դեպքում նրանք հանուն ոչնչի նահատակվեցին, առանց մաքառելու, գլուխները կախ քայլելով մտան գերեզման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետը։

 
Ըստ Սամվել Կարապետյանի՝ պետք է սրբադասեն Անդրանիկին, Նժդեհին, Սարդարապատի հերոսներին՝ Դանիել Բեկ-Փիրումյանին և նրանց զինվորներին։


«
Եթե սրբադասելու հարց կա, ապա պետք է սրբադասվեն նրանք, ովքեր կռվեցին, և այդ արդյունքում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Թող Նժդեհին սրբադասեն, թող Դավիթ Բեկ- Փիրումյանին սրբադասեն, թող Անդրանիկին սրբադասեն, 10-ականներից մինչև 20-ականների բոլոր այն հրամանատարներին ու զինվորներին, ում հաշվին մենք այսօր ձեզ հետ միասին կանք։ Նրանք շատ չեն, մի քանի հարյուր հոգի։ Կոպիտ է հնչում, բայց սրբադասել նրանց, ովքեր էշ նահատակ եղան, ուղղակի իրենց մահվան հետ հաշտված, սրբադասում եք, որ ի՞նչ անեք»,- ասաց պատմաբանը։


Աստվածաբան
, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ 1,5 մլն անմեղ զոհերին սրբադասել պետք է, քանի որ նրանք Հիսուսի օրինակով հավատքի համար հնազանդությամբ ընդունեցին իրենց մահը։ Tert.am-ի հետ զրույցում նա հարցրեց, թե այդ դեպքում ի՞նչ է, Հիսուսը պայքարե՞լ է, որ իրեն չխաչեն։


«Քրիստոնեության մեջ առանցքայինը հետևյալն է, որ այս ժողովրդի զանգվածը ինչ-որ տեղ կրկնել է նույն Հիսուսի ճակատագիրը, որոշակի տատանմամբ, որի համար էլ վեր է հառնել ոչնչացվածներից։ Դա,  ըստ էության, կարելի է համարել Հիսուսի ճակատագրի կրկնությունը՝ որպես քրիստոնյաների վարք»,- ասաց նա և ավելացրեց, թե ինքն անտրամաբանական չի համարում հայ եկեղեցականների նման որոշումը։

 
«Հաշվի առնելով հին ավանդույթը և միևնույն ժամանակ այն հանգամանքը, որ նրանք անմեղ զոհեր են, ովքեր հավատքի շրջանակը չխախտելով են զոհվել, ապա անտրամաբանական չեմ համարում։ Հավատացնում եմ ձեզ, այստեղ երկու հանգամանք կա, առաջինն այն, որ դավանափոխ լինելով՝ նրանք կփրկեին իրենց կյանքը, մինչդեռ դավանափոխ չեն եղել և երկրորդը՝  Սուլթան Համիդի խոսքն է, որ ասում էր «ես հայերին հարգում եմ, որովհետև նրանք երբեք մահվան դատապարտվածների խցից նամակ չեն գրել, որ իրենք փոխում են իրենց կրոնն ու դավանում են իսլամը», որից հետո միանշանակ մահավճիռը վերանում էր, այսինքն՝ դա հավատավոր մարդկանց վարմունք է, որն իմ խորին համոզմամբ՝ հավաքական ձևով կարող է դիտարկվել որպես սուրբ»,- ասաց նա։


Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում՝ ովքեր սրբադասվեն և ովքեր՝ ոչ, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Սրբակարգելը հայ ժողովրդի պատմության մեջ չունի ճշգրիտ ընթացք, այսինքն՝ աստիճանական անցում, որի տրամաբանական շարունակությունը կլինի արդեն սրբացնելը անձանց՝ չկա, գոյություն չունի։ Ինքը՝ պատմական ավանդույթը նստած է այն բանի վրա, որ սերունդների անցումից հետո, երբ որ շահերը տվյալ շրջանակի կդադարեն գոյություն ունենալ, կարող է այդ հարցը բարձրանալ եկեղեցում և ստանալ իր լուծումը։ Ինչից ելնելով ես դա համարում եմ ավանդական ընթացք»,-եզրափակեց նա։