Կալիֆոռնիայում հայտնի մարդկանց երեխաներին պապարացիներից պաշտպանող օրենք է ընդունվել
Կալիֆոռնիայի նահանգապետ (ԱՄՆ) Ջերի Բրաունը ստորագրել է օրենք, որն ապահովում է հայտնի մարդկանց երեխաների կյանքի գաղտնիությունը, գրում է Los Angeles Times-ը:
Օրենքի համաձայն՝ օրինախախտում կհամարվի երեխային լուսանկարելու կամ տեսաձայնագրելու ցանկացած փորձ, եթե դա արվում է այն պատճառով, որ երեխայի ծնողը հայտնի անձնավորություն է կամ պետական պաշտոնյա:
«Երեխաները չպետք է տաբլոիդների համար աղբյուր լինեն և ոչ էլ շարունակական հետապնդումների թիրախ: Նոր օրենքը երեխաներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանց ծնողները, կպաշտպանի հետապնդող լրագրողներից, ովքեր ծայրահեղությունների են գնում գումար աշխատելու համար»,- ասել է օրենքի հեղինակ, սենատոր Քևին դե Լեոնը:
Օրենքը մեծ աջակցություն է ստացել հոլիվուդյան աստղերի կողմից:
Հունվարի 1-ին ուժի մեջ մտնող օրենքը խստացրել է նման իրավախախտումների համար պատժամիջոցները. իրավախախտը կարող է դատապարտվել մինչև մեկ տարի ազատազրկման և 10 հազար դոլար տուգանքի:










