Ռուս բայքերին սպանած ադրբեջանցին ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք
Մոտ 1 տարի առաջ ռուս բայքերին սպանելու համար մեղավոր ճանաչված ադրբեջանցի ձմերուկ վաճառողն ազատ է արձակվել և մեկնել է հայրենիք, հայտնում է Interfax-ը: Մարդասպանության համար ազատազրկված ադրբեջանցու պատժի կրման ժամկետը լրացել է, հայտնել են իրավապահ մարմնից:
2012-ի հուլիսին ռուսաստանյան դատարանը Բախտիյար Ալիևին մեղավոր էր ճանաչել բայքեր Լեոնիդ Ֆրոլովի սպանության համար. նա ազատազրկվել էր անզգուշությամբ թույլ տրված սպանության համար և դատապարտվել մեկ տարվա ազատազարկման. Սերգիև Պոսադ քաղաքի շուկաներից մեկում կռվի ընթացքում ադրբեջանցին հարվածել էր բայքերի դեմքին, նա ընկել էր, հարվածել գլուխը, ստացված վնասվածքի հետևանքով էլ մահացել հիվանդանոցում:
Օգոստոսին նշված շրջանի բայքերները դիմել էին համապատասխան մարմիններին՝ ավելի խիստ պատիժ պահանջելով Ալիևի համար: Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նաև համապատասխան հանձնարարական էր տվել:










