Լիտվայում պատգամավորին ձերբակալել են խանութից արևածաղկի սերմեր գողանալու համար
Լիտվայի Սեյմի պատգամավոր Ալգիրդաս Պատացկասին ձերբակալել են խանութից գողություն կատարելու կասկածանքով, հայտնում է Delfi.lt-ը:
Ըստ պորտալի` Պատացկասը ձերբակալվել է մեկ շաբաթ առաջ Hyper Maxima առևտրի կենտրոնում: Նա կասկածվում է լամպեր և «Բազարնիե» արևածաղկի սերմեր գողանալու փորձի համար:
Պատացկասի «Խիզախության ուղի» կուսակցությունից հայտնել են, որ պատգամավորը մեղավոր չէ: Իսկ վիճահարույց արևածաղկի սերմերը հենց պատգամավորինն են: Իսկ լամպի դեպքում տեղի է ունեցել հետևյալը. պատգամավորն իր հետ նմուշ է բերել համեմատելու համար, ապա շփոթել է նմուշն ու գնումը և վերջինս տարել իր հետ:
Հետաքրքրական է, սակայն, որ պատգամավորը հաղորդագրություն է տարածել, որում ընդունել է մեղքը:
Կատարվածը բացատրելով` պատգամավորն ասել է, որ «սիրում է գողություն անել», ինչպես նաև` «գաղտնի նոստալգիա է զգում խորհրդային ժամանակների հանդեպ, որն անհնար է պատկերացնել առանց արևածաղկի»: Ավելին` նա պատմել է, որ ավելի վաղ հանքային ջուր է գողացել Սեյմում:
70-ամյա պատգամավորը 1990-ին եղել էր Լիտվայի անկախության վերականգնման մասին ակտի նախաձեռնողներից մեկը:










