Ադրբեջանի ընդդիմությունը հայտնում է զանգվածային ընտրախախտումների մասին
Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական շտաբը հայտնել է զանգվածային ընտրախախտումների մասին, հայտնում է contact.az կայքը։
Մասնավորապես, ընտրատեղամասերից մեկում կոալիցիայի դիտորդները տեղի ժամանակով 07։45-ին՝ ընտրությունների պաշտոնական մեկնարկից առաջ, արձանագրել են մեծ քանակով քվեաթերթիկների լցոնման դեպք։
Իսկ մեկ այլ ընտրատեղամասում տեղի իշխանությունները պետական հաստատությունների մեծ թվով աշխատակիցների են ընտրատեղամաս բերել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության նախնական տվյալները` ժամը 10։00-ի դրությամբ։
Ինչպես հայտնում է apa.az կայքը՝ ԿՀԸ-ի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռուֆաթ Գյուլմամեդովին հղումով, մինչ նշված ժամն արդեն քվեարկել է 937.465 ընտրող՝ 18.2%-ը։
Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Գաբալայի ընտրատարածքում (24.72%)։
Ադրբեջանում այս տարի ընտրելու իրավունք ունի 5.145.643 մարդ։
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, որոնցից հաղթանակի գլխավոր հավակնորդն է համարվում գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա հիմնական մրցակիցն է Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին։










