«Հայաստան». Համահայկական հիմնադրամն այս տարի ճաշկերույթ չի կազմակերպի, իսկ հեռուստամարաթոնը նոյեմբերի 28-ին է
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ ավանդական ճաշկերույթ չի կազմակերպելու, որն ամեն տարի արվում է հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում:
Այս մասին Tert.am-ին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ ավելացնելով. «Այս տարի նմանատիպ ֆորմատով չի կայանա, որովհետև ինչպես նշել էինք, երբ Հայաստանի և Արցախի նախագահները մեկնել էին Մոսկվա՝ եկեղեցու բացման արարողությանը, իրենք հանդիպումներ են ունեցել ռուսաստանաբնակ հայ բիզնեսմենների հետ, և այդ հանդիպումների ընթացքում քննարկել են Ռուսաստանի մասնակցության հարցը: Եվ արդեն իսկ անիմաստ է, քանի որ բոլորի հետ հանդիպել ենք, արդեն խոստումները եղել են, ուղղակի կան մարդիկ, որոնց վերջնական մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել, կան մարդիկ, որոնց հետ բանակցությունների մեջ ենք»:
Արա Վարդանյանը ձեռնպահ մնաց նվիրատվությունների (խոստումների) չափը նշելուց, քանի որ այդ մասին պետք է հայտարարվի նոյեմբերի 28-ի հեռուստամարաթոնի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին որոշվել էր, որ այս տարվա դրամահավաքը կնպատակաուղղվի Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը:
Սա, ըստ Արա Վարդանյանի, բացի Լեռնային Ղարաբաղ ավելի կարճ ժամանակում հասնելուց, լուծելու է նաև մի շարք սոցիալական, տնտեսական խնդիրներ,այդ թվում՝ ճանապարհահատվածի մերձակա գյուղերի բնակչության համար:
Ի պատասխան հարցի, թե Հայաստանի կառավարությունն արդեն լուծվա՞ծ է համարում սիրիահայերին աջակցության խնդիրը, Արա Վարդանյանն ասաց. «Գիտե՞ք, մեր բոլոր որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի կողմից, և այս տարի բոլորը կողմ են քվեարկել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին, ու սիրիահայերին օգնությունը շարունակելու որևէ առաջարկ չի եղել»։
Սակայն Արա Վարդանյանը նշեց, որ եթե, օրինակ՝ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրատուն ցանկություն հայտնի ինչ-որ այլ ծրագրի, նպատակի համար, ապա այն կիրականացվի:
«Թեկուզ հենց այսօր, եթե ինչ-որ մեկը մտնի մեր գրասենյակ, ինքն իր ցանկությամբ կարող է ցանկացած ծրագիր ընտրել»,- նշեց Արա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2012-ի դրամահավաք-հեռուստամարաթոնի հանգանակությունը նախատեսված էր Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2011-ինը` Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
«Ջուրը կյանք է» խորագրի ներքո ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրագործվել և Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Բերձոր քաղաքներում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Սարգսաշեն, Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Տող, Հարթաշեն, Ակնաղբյուր, Ուխտաձոր, Մարտակերտի շրջանի Վանք, Չափար, Ասկերանի շրջանի Այգեստան, Նորագյուղ, Ավետարանոց, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն ու Այգեհովիտ համայնքներում: Ինչի արդյունքում` շուրջ 27000 մարդ ունեցավ մաքուր խմելու ջուր և կանոնավոր ջրամատակարարում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տրվեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, որից 12 մլն 100 000-ը՝ Ռուսաստանից:
Հավելենք, որ հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի շրջանակներում ամենաշատ գումարը հավաքվել է 2008-թ հեռուստամարաթոնի ժամանակ՝ 35 միլիոն ԱՄն դոլար, իսկ ամենաքիչը՝ 2004-2005թթ-ին: Այսինքն՝ նվիրատվությունները տարեցտարի աճել են:
Ըստ որում, Արա Վարդանյանի դիտարկմամբ՝ այդ ավելացումները լինում են ոչ միայն տրվող գումարների, այլև հեռուստամարաթոնի մասնակիցների ավելացման հաշվին. «Ամեն տարի բարերարների քանակն ավելանում է, դրանք մարդիկ են, որոնք տալիս են 100 դրամից մինչև 500 դոլար: Չհաշված մյուս՝ խոշոր բարերարները»:
Նշենք, որ հանգանակությունների առումով առավել ակտիվ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, ապա Հայաստանն ու ԼՂՀ-ն:










