Գերմանիային պետք չեն աղքատ ներգաղթյալներ. երկրի ՆԳ նախարար

17:17 • 09.10.13

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը հայտնել է «աղքատ ներգաղթյալների» հանդեպ ավելի խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, գրում է Russia Today-ը։

 

Նախարարը կարծում է, որ Ռումինիայից և Բուլղարիայից չափազանց շատ գաղթականներ են գալիս, որոնք չեն պատրաստվում աշխատել։ Գերմանացի նախարարը պահանջել է Եվրոպական միությունից ուշադրություն դարձնել տվյալ երևույթի վրա։

 

Ֆրիդրիխը նշել է, որ միանալով եվրոգոտուն՝ այդ երկու երկրների քաղաքացիները 2014թ.-ից գրեթե ամբողջ Եվրոպայով տեղաշարժվելու լիարժեք ազատություն կունենան։ ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ բացի այն մարդկանցից, որոնք գալիս են Գերմանիա աշխատելու համար, կան նաև այնպիսինները, որոնք միայն դոտացիաներ ստանալու հույս ունեն։

 

Եվրոպական միությունում գերմանացի նախարարի անհանգստություններն անվանել են «չափազանցված»։ Եվրոպական հանձնաժողովի զբաղվածության հարցերով հանձնակատար Լասլո Անդորը հայտնել է, որ ոչ մի վտանգ չի տեսնում ներգաղթյալների թվի ավելացման մեջ։

 

Պաշտոնյան կարծում է, որ ներգաղթը տնտեսական օգուտ է բերում բոլոր կողմերին. զարգացած տնտեսությունը նոր աշխատակիցներ է ձեռք բերում, իսկ ավելի թույլ տնտեսությունը գումարային ներդրումներ է ստանում աշխատանքի համար մեկնածների դրամական փոխանցումների տեսքով։