Հովիկ Աբրահամյանը Ժնևում հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

14:18 • 09.10.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով որպես հայկական պատվիրակության ղեկավար մասնակցում է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին, հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

Հանդիպման ժամանակ, որն անցել է ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին փաստել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը:


Երկուստեք կարևորվել է բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները և փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը:


Կողմերը կարևորել են տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:


Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի և Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:


Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: