Իտալիայի նախագահը հրաժարվել է համաներում շնորհել Բեռլուսկոնիին

10:55 • 09.10.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող է համաներման հույս չունենալ, հայտարարել է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն։ Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հակառակն են ասում, անտարբեր են երկրի հանդեպ, գրում է ДНИ.ru-ն։

 

«Նրանց ուղեղում միայն մի միտք է, նրանք թքած ունեն երկրում առկա խնդիրների վրա»,- ասել է Նապոլիտանոն։

 

Նախագահը նշել է նաև, որ Իտալիայի բանտերում տիրող իրավիճակը, երբ չեն պաշտպանվում բանտարկյալների իրավունքները, «խայտառակում է երկիրը»։

 

Նախագահի խոսքով՝ «շուտափույթ լուծման կարիք ունի իտալական բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը»։ Որպես հարցի լուծման տարբերակ՝ Նապոլիտանոն չի բացառում նոր համաներման անցկացումը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Բեռլուսկոնին 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել ֆինանսական խարդախությունների համար։