Նիգերիացի միլիարդատիրուհին զրկել է Օփրա Ուինֆրիին աշխարհի ամենահարուստ սևամորթ կնոջ տիտղոսից

11:06 • 09.10.13

Նիգերիացի նավթային մագնատ, 4 երեխաների մայր Ֆոլորունշո Ալակիջան 7.9 մլրդ դոլար կարողության շնորհիվ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ սևամորթ կինը՝ հաղթական պատվանդանից գցելով ճանաչված ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, ում կարողությունը Forbes-ը գնահատել է 2.9 մլրդ դոլար։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 62-ամյա Ալակիջան իր կարիերան սկսել է 1970-ական թվականներին՝ բանկում որպես քարտուղարուհի։ Նա դիզայներական կրթություն է ստացել Լոնդոնում, սակայն միլիարդներ սկսել է վաստակել նավթարդյունաբերության ոլորտում։


Նրա նավթային ընկերությունը՝ OML 127-ը, Նիգերիայի ամենաեկամտաբեր ընկերություններից է, որի բաժնետոմսերի 60% պատկանում է Ալակիջային։

 

Միլիարդատիրուհին ամուսնացած է, ունի 4 երեխա, սակայն ընտանիքն ու բիզնեսը չեն խանգարում, որպեսզի նա նաև բարեգործությամբ զբաղվի։ Նրա հիմնած Rose of Sharon բարեգործական հիմնադրամն օգնում է այրիներին ու որբերին կրթություն ստանալ ու իրենց ուժերը փորձել բիզնեսում։

 

Ventures Africa ամսագրի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, Աֆրիկան կարող է «պարծենալ» 55 միլիարդատերերով, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 143.88 մլրդ դոլար։