Սոչիի Օլիմպիադային Վրաստանի մասնակցության դեմ միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 6.000 վրացի
Վրաստանում ավելի քան 6.000 մարդ ստորագրել է համացանցում տեղադրված միջնորդագիրը, որը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հրաժարվել Սոչիի Օլիմպիադային մասնակցությունից, գրում է gazeta.ru-ն:
Երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարին ուղղված փաստաթղթի նախաձեռնողները հեղինակավոր «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Արդար ընտրություններ» ոչ կառավարական կազմակերպություններն են:
«Կոչ ենք անում իշխանություններին բողոքել Ռուսաստանի գործողությունների դեմ, որոնք ուղղված են Վրաստանի դեմ: Ձմեռային Օլիմպիական խաղերից հրաժարումը միջազգային հանրության համար նշան կլինի, որ վրացական իշխանությունները երբեք չեն հաշտվի Վրաստանի տարածքի օկուպացման հետ»,- ասված է միջնորդագրում:
Երկրում քննադատել են որոշումը, համաձայն որի Ռուսաստանում օլիմպիական կրակը տանողներից մեկը դարձել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասնակից՝ ռազմական օդաչու Իվան Նեչաևը:










