«Կանխատեսում» կենտրոնը հայտարարել է Ալիևի հաղթանակի մասին՝ խախտելով օրենքը

12:55 • 09.10.13

Սոցիոլոգիական հետազոտությունների «Կանխատեսում» կենտրոնն այսօր կեսօրին հրապարակել է Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ exit-poll-ի միջանկյալ արդյունքները։

 

Ինչպես հայտնում է contact.az կայքը, ըստ այդ տվյալների՝ թեկնածուների շրջանում առաջատարն է գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով ստացել է ձայների 92.15%-ը, իսկ 2-րդ տեղում է ընդդիմադիր Ջամիլ Հասանլին (6.06%):

 

Այս կապակցությամբ Ընտրությունների մշտադիտարկման ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գործադիր քարտուղար Բաշիր Սուլեյմանլին հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ հարցումների տվյալների հրապարակումն օրենքի լուրջ խախտում է։

 

«Բոլոր exit-poll-երն էլ վստահություն չեն ներշնչում, քանի որ անցկացվում են կառավարամետ կազմակերպությունների ու նրանց արտասահմանյան գործընկերների կողմից։ Իսկ անկախ կառույցներին թույլ չեն տվել exit-poll անցկացնել»,-նշել է Սուլեյմանլին։

 

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս նշել է, որ «Կանխատեսում» կենտրոնի կողմից իրականացված քայլը խախտում է օրենքը։

 

Սակայն պետք է նշել, որ սա իշխանությունների կողմից իրականացվող իրավախախտումների միակ դեպքը չէ։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ադրբեջանում նախագահի ընտրությունները կեղծում են iPhone-ի հատուկ ծրագրով և այլ նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Մասնավորապես, երեկ երեկոյան Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով ստեղծել է iPhone-ի և Android-ի հատուկ հավելվածներ: Ծրագրում նշված են այն թվերը, որոնք «հավաքել են» թեկնածուները: