Ակտիվիստները հեռացան, Փակ շուկայի «պաշտպանները» գոչեցին՝ հաղթանակ. (տեսանյութ, տարբերակ 2)

16:19 • 09.10.13

Նախախորհրդարանի նախաձեռնած բողոքի երթը, ընդդեմ Երանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») ճարտարապետական պատկերի աղճատման, Մաշտոցի պուրակից արդեն հասել է շուկայի մոտ, որտեղ նրանց դիմավորեցին «Փակ շուկան» սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները։

Ինչպես նախորդ ակցիաներին, այս անգամ էլ վերջիններս սուլում էին վուվուզելաներով և վանկարկում «թուր-քեր, հե-ռա-ցեք»։

Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դիմադրություն ցույց տալ, ինչը կարտահայտվի բողոքի մեծ ալիքով, որպեսզի ոչ ոք շուկա-սուպերմարկետից գնումներ չկատարի։

Նշենք, որ ավելի ուշ բողոքի ակցիայի վայր եկավ շուկայի սեփականատեր համարվող ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանն այսօր հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից սկսում է ամենօրյա բողոքի ակցիաներ՝ հանուն «Փակ շուկայի» պաշտպանության։

 



17.46

Ակտիվիստները հեռացան, Փակ շուկայի «պաշտպանները» գոչեցին՝ հաղթանակ. (տեսանյութ)

«Փակ շուկայի» դիմաց անցկացվող բողոքողների երկու թևից բաղկացած ակցիան ավարտվեց. ակտիվիստները հեռացան, իսկ շուկայի «պաշտպանները», ովքեր ներկայանում են որպես հարակից գյուղերի բնակիչներ, գոչեցին «հաղթանակ»՝ նկատի ունենալով, թե երկու կողմերի պայքարում ակտիվիստների նահանջի արդյունքում հաղթեցին իրենք:


Ակցիայի ընթացքում ակտիվիստները պնդում էին, որ իրենք հիմնավոր կասկածներ ունենք այն մասին, որ այդ կառույցը վտանգավոր է մարդկանց համար, այն կարող է ամեն վայրկյան փուլ գալ և ոստիկաններից պահանջում էին վերջ տալ այդ խեղկատակությանը:


Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ ակցիաները չեն սահմանափակվում իրենց ֆիզիկական ներկայությամբ։ «Մենք կոչ ենք անում բոյկոտել այս ապօրինի շինությունը, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն մտնի այստեղից գնումներ անելու»,– ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ պայքարը երբեք ուշացած չէ, ապօրինությունը չի կարող հարատև լինել, ուստի իրենք այնտեղ պաշտպանում են պետականությունը:


Զուգահեռ կողմից էլ պարբերաբար վանկարկում էին, որ ակտիվիստներին չի հաջողվի հեղափոխություն անել: «Հեռացե՛ք Հայաստանից, ձեզանից ոչ մեկն իրավունք չունի խոսել երևանցու անունից, ձեզանից ոչ մեկը երևանցի չէ»,- ասում էին նրանք և պահանջում. «Վտանգավոր ակտիվիստներին հեռացրե՛ք»: