Արմեն Աշոտյանը ցավակցել է Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ
Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը ցավակցում է այսօր սրտի կաթվածից մահացած ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի ընտանիքի անդամներին, հարազատներին, կուսակիցներին, եվրոպական գործընկերներին:
«Խորը վշտով ընդունեցինք Վիլֆրիդ Մարթենսի մահվան գույժը, պարոն Մարթենսը Եվրոպայի քաղաքական կյանքում մեծագույն ավանդ և դերակատարում ունեցող անձնավորություն էր: Մարդ, որն իր անձնական օրինակով և նվիրումով ամբողջությամբ ապացուցել է միասնական Եվրոպայի գաղափարի կենսունակությունը: Այն Եվրոպայի, որը հիմնված է ընդհանուր համամարդկային քաղաքակրթական արժեքների վրա և որի մի մասն է կազմում նաև Հայաստանը»,- Tert.am–ին ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը հավելեց, որ Վիլֆրիդ Մարթենսը նաև հայ ժողովրդի բարեկամ մարդ էր, որի անձնական լուման անգնահատելի է Հարավային Կովկասի, մասնավորապես, Հայաստանի եվրոպական մերձեցման ճանապարհին արձանագրված քայլերի և հաջողությունների մեջ:
«Եվ այս կորուստը շատ մեծ կորուստ է ԵԺԿ անդամ կուսակցությունների համար, հատկապես հաշվի առնելով մյուս տարի Եվրախորհրդարանի գալիք ընտրությունները: Այս ընթացքում Մարթենսը հանդիպել է նաև հարյուրավոր հանրապետականների , իր Հայաստան այցերի ժամանակ միշտ ջերմությամբ է արտահայտվել մեր երկրի, պատմության, մշակույթի մասին և հավատացել է, որ Հայաստանն իր քաղաքակրթական արժեքային համակարգով Եվրոպայի կարևորագույն հատվածներից մեկն է»,- ամփոփեց Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում դեռ որոշված չէ ՀՀԿ մասնակցության ձևաչափը սգո արարողություններին:
Հայաստանից ԵԺԿ անդամ է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի անդամ Դավիթ Սանասարյանը ևս Tert.am–ին հետ զրույցում դժվարացավ պատասխանել հարցին, թե ցավակցական հայտարարությա՞ն տեքստով միայն կբավարարվեն, թե կուսակցությունից մարդ կլինի Վիլֆրիդ Մարթենսի հուղարկավորության արարողությանը:










