Բրազիլացի սենատորները Ռուսաստանից թույլտվություն կխնդրեն Սնոուդենի հետ տեսազրույց ունենալու համար

09:27 • 10.10.13

Բրազիլիայի սենատի՝ հարավամերիկյան այս պետության դեմ ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսման փաստերը հետաքննող հանձնաժողովը որոշում է կայացրել խնդրել ռուսական իշխանությունների թույլտվությունը ՌԴ-ում գտնվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ տեսազրույց ունենալու համար, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սենատի հանձնաժողովն իր բաց նիստին լսել է Բրազիլիայում բնակվող ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդին: Հենց նրան է ժամանակին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հանձնել բացահայտող փաստաթղթերի մեծ մասը:

 

Փաստաթղթերի հիման վրա գրված հոդվածները բացահայտել են ամերիկյան և կանադական հատուկ ծառայությունների՝ Բրազիլիայի նախագահի, դիվանագետների, այլ պաշտոնատար անձանց հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների լրտեսման փաստերը:

 

Գրինվալդը բաց նիստի ժամանակ նշել է, որ տեղեկության մանրամասներին տիրապետում է Սնոուդենը: