Գարիկը տղամարդավարի ներողություն խնդրեց և ապացուցեց, որ միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը. Կարգին Հայկո
Դերասան, շոումեն Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել ուրախների և հնարամիտների «Նոր հայեր» թիմի կապիտան Գարիկ Մարտիրոսյանի՝ երգչուհի Շերին ակամա վիրավորելու մասին։
Հիշեցնենք, որ ուկրաինական «Ինչպես 2 կաթիլ» շոուի եթերում, որտեղ երգչուհի Եվա Բուշմինան բեմ է դուրս եկել լեգենդար երգչուհի Շերի կերպարով և կատարել նրա «Believe» երգը, ժյուրիի անդամ Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ «ոչնչից (նկատի ունենալով Շերին) նա կարողացել է ինչ-որ բան ստեղծել»՝ առաջացնելով Շերի երկրպագուների դժգոհությունը։
Հայկ Մարությանի գրառումը՝ ստորև։
«Գարիկին գիտեմ արդեն 18 տարի։ Շատ բաների միջով ենք միասին անցել։ Նա իմ ընկերների մեջ ամենատաղանդավորներից ու, որ ավելի կարևոր է, ամենաանշահախնդիրներից մեկն է։ Գարիկն անընդհատ աշխատում է ինքն իր վրա, անգամ հիմա, երբ կայացել է ռուսական շուկայում։ Եվ, իհարկե, այսպիսի աշխատասեր մարդը չի կարող չգնահատել ուրիշների աշխատանքը։ Իրեն մոտիկից ճանաչելով, համոզված եմ, որ նա չէր ուզում ո՛չ Շերին, ո՛չ էլ նրա երկրպագուներին վիրավորել, բայց, ցավոք, իր խոսքը այդպիսի տպավորություն թողեց։ Եվ հասկանալով դա Գարիկը վերլուծեց կատարվածը և ճիշտ որոշում կայացրեց. նա տղամարդավարի ներողություն խնդրեց և ապացուցեց, որ այո՛, յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը և ուղղել այն»,- գրել է սիրված դերասանը։










