Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլ ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ արտգործնախարարը գոհունակություն հայտնել է վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասել է, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմամբ ու ամրապնդմամբ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձել է մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։










