ՔԶԱԿ-ը հրադադարի առաջարկ է արել Սիրիային
Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) ղեկավար Ահմեթ Ուզումչուն Հաագայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը ժամանակավոր հրադադար հաստատել, ինչը հնարավորություն կտար հեշտացնել քիմիական զինաթափումն իրականացնող փորձագետների աշխատանքը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ՔԶԱԿ-ը պետք է Սիրիայի ունեցած քիմական զենքի ողջ պաշարն ու դրանց ստեղծման համար նախատեսված սարքավորումներն ու կայանները վերացնի մինչ 2014թ. կեսը։
Ուզումչուն նաև ընդգծել է, որ Սիրիայի քիմիական զինաթափման համար սահմանված ժամկետը չափազանց սեղմ է։
ՔԶԱԿ-ի փորձագետներն արդեն այցելել են ուսումնասիրման համար անհրաժեշտ սիրիական 2 կայան, սակայն կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ եկող շաբաթների ընթացքում փորձագետները պետք է այցելեն ևս 20 վայր։










