Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անցել է 4 տարի

18:57 • 10.10.13

2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրեցին զույգ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

 

Սրան նախորդել էր օգոստոսի 31-ի ուշ երեկոյան ՀՀ-ի և Թուրքիայի միջև այս փաստաթղթերի նախաստորագրումը, որը հայաստանյան ներքաղաքական օրակարգում ստացավ «Գիշերային դիվանագիտություն» անվանումը:

 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական զույգ արձանագրությունների հետ կապված գործընթացը հասունանում էր ողջ 2009-ի ընթացքում. նախ ապրիլին Հայաստանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հայաստան ժամանեց Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանը, իսկ մի քանի օր անց՝ ապրիլի 22-ին, Հայաստանի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ հրապարակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «ճանապարհային քարտեզի» դրույթները:

 

Այս ընթացքում հայ-թուրքական կարգավորումն ուղեկցվում էր թեժ բանավեճերով և հասարակական քննարկումներով՝ ինչպես Հայաստանում և Սփյուռքում, այնպես էլ Թուրքիայում։

 

Գարնանից մինչև աշնան սկիզբ գործընթացը հասունանում էր մինչև իր գագաթնակետը, երբ հոկտեմբերի 14-ին Բուրսայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էին նաև ՀՀ և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Այս պատճառով, գործընթացը, ստացավ, այսպես կոչված, «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը:

 

2010թ. փետրվարին 12-ին արձանագրություններն արդեն վավերացման նպատակով ԱԺ-ում էին:

 

Գործընթացը՝ հրապարակայնացումից մինչև Ազգային ժողովի օրակարգում ներառելն ու սառեցումը, ուղեկցվում էր Հայաստանում և Սփյուռքում «Ոչ»-ի հզոր ալիքով, որը բարձրացրին շարժմանը միացած 12 կուսակցություններ. ավանդական կուսակցություններ՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան», «Նոր ժամանակներ» և այլն:

 

2010թ. ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, Հայաստանի իշխող կոալիցիան ՀՀ Ազգային ժողովում առկա արձանագրությունները վավերացնելու գործընթացն առկախելու մասին արձանագրություն ընդունեց, ինչին հետևեց նախագահ Ս.Սարգսյանի՝ արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին կոչը, որից հետո ստորագրեց այն:

 

Հենց այս կարգավիճակում էլ զույգ արձանագրությունները գտնվում են ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգում:
Ամեն նստաշրջանից առաջ, արդեն ձևավորված ավանդույթով, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կոչ են անում հետ կանչել արձանագրությունները: