Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքների մասին հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացրել է կատարված աշխատանքները և փաստացի վիճակը:
Քաղաքապետը, մասնավորապես, խոսել է կատարած ասֆալտապատման աշխատանքներից, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում տեղական բյուջեի միջոցներով կատարվել են շուրջ 410 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական մի շարք փողոցներ, «Վարդանանց» և«Ջիվանու» հրապարակները, հիմնական փողոցներում կատարվել են փոսային նորոգումներ, իսկ ընդհանուր ասֆալտապատման մակերեսը կազմել է շուրջ 102 հազ. քմ, բարեկարգված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 52 կմ: Ասֆալտապատման աշխատանքների կատարման համար ստացվել է նաև կառավարության լուրջ աջակցությունը:
Խոսելով քաղաքի աղբահանությունից Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ վերանորոգվել է քաղաքային աղբավայր տանող 1.5 կմ երկարության գրունտային ճանապարհը, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են մեծ ու փոքր աղբամաններ, կառուցվել են աղբապատնեշներ, աղբահանությունը կատարվում է կարգավորված գրաֆիկով և որ 2012թ. համեմատ նույն ժամանակահատվածի, առկա է շուրջ 70 մլն դրամի խնայողություն:
Քաղաքի բարեկարգման աշխատանքների մասով Սամվել Բալասանյանն առանձնացրել է «Մայր Հայաստան», «Պատվոբլուր», «Երկրաշարժի զոհերի» հուշահամալիրների, «Հայուհու» հուշարձանի տարածքների, «Վարդանանց» և «Թատերական» հրապարակների շատրվանների բարեկարգումն ու նորոգումը, տարբեր փողոցներին հարակից մայթերին և հանգստյան գոտիներում տեղադրված շուրջ 100 նստարանների, տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շուրջ 50 հազ. ծառ ու թուփ տնկելու փաստը:
Անդրադառնալով քաղաքի արտաքին լուսավորության` քաղաքապետը փաստել է, որ արդեն ունենք շուրջ 4900 ի հասնող լուսակետեր, և որ սկսվել են էներգիա խնայող լամպերի շահագործումը, ինչն ընդհանուր առմամբ, հնարավորություն տվեց արտաքին լուսավորության վրա կատարված ծախսերի մասով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 22 մլն դրամի խնայողություն արձանագրել:
Խոսելով փողոցային երթևեկության նշանների և գծանշումների մասին Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ թվով 14 խաչմերուկներում գործող լուսաֆորները փոխարինվել են նոր, ժամանակակից թվային լուսաֆորներով (համայնքային բյուջեից միջոցներ չի ծախսվել) տեղադրված փողոցային երթևեկության մոտ 160 նոր նշանների, մոտ 45 կմ երկարությամբ կատարված գծանշումների և վարձակալությամբ տրված նախկինում չգործող 2 (երկու) ստորգետնյա անցումների մասին:
Քաղաքային տրանսպորտի ոլորտում կատարված բարեփոխումներից Սամվել Բալասանյանն առանձնացրել է 10 (տաս) հատ նոր ավտոբուսների շահագործումը քաղաքային երթուղիներում և տեղեկացրել մոտ ժամանակներս 5 (հինգ) հատ նոր ավտոբուսների ներկրման, ինչպես նաև նախատեսված 1 (մեկ) նոր երթուղու շահագործման մասին:
Սպորտի ոլորտում կատարված աշխատանքներից Գյումրու քաղաքապետն առանձնացրել է փակ լողավազանի վերանորոգումն ու գործարկումը, նշել նաև, որ 2013թ.– ին միջազգային ասպարեզներում գյումրեցի մարզիկները նվաճել են 208 մեդալ:
Ասուլիսի ընթացքում Սամվել Բալասանյանը ներկայացրել է նաև մշակույթի, միջազգային կապերի, ֆինանսական և մյուս ոլորտներում կատարված և նախանշված աշխատանքների, ինչպես նաև առկա մի շարք հիմնախնդիրների մասին տեղեկություններ:
Նա նաև ներկայացրել է քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիներին ցուցաբերված օգնությունների, տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերի, ՀԿ–ների, ԶԼՄ ների հետ և այլ ոլորտներում տարվող աշխատանքների մասին տեղեկություններ, որից հետո Գյումրու քաղաքապետը պատասխանել է լրագրողների հարցերին:










