Պարույր Հայրիկյանը գտել է բացարձակ ժողովրդավարության բանաձևը, որն իր կատարելությամբ համեմատելի է միայն Պյութագորասի թեորեմի հետ
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը գտել է բացարձակ ժողովրդավարության բանաձևը, որն, ըստ իրեն, իր կատարելությամբ համեմատելի է միայն Պյութագորասի թեորեմի հետ։ Tert.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ինքն իր ազգին՝ «Բացարձակ ժողովրդավարության բանաձևով կնվիրի նաև աշխարհի ամենադեմոկրատական երկիրը լինելու բացառիկ հնարավորությունը»։
«Դա մեծ նորամուծություն է, պարզապես մեր անշնորհքները, նախանձները, նաև տգետները ամբողջ կյանքում Հայրիկյանի դեմ պայքարել են, հետո ընդունել Հայրիկյանի ասածները, հիմա այս փուլում են՝ պայքարում են ի վնաս իրենց և մեր ժողովրդի»,- ասաց նա։
Անդրադառնալով բացարձակ ժողովրդավարություն ձևակերպմանը՝ Պարույր Հայրիկյանը նշեց, թե ինքը բառի արժեքը լավ է հասկանում և գիտի՝ տեղի՞ն է օգտագործել բացարձակ բառը, թե ոչ։
«Ես գտել եմ մի ճանապարհ, որի օգնությամբ կարելի է չափել պետական համակարգերի ժողովրդավարության տոկոսը։ Ես այս ուղղությամբ աշխատում եմ կարելի է ասել գրեթե 40 տարի, բայց նպատակաուղղված՝ 20 տարի։ Չնայած որ հայտնի եմ որպես լավ երգերի հեղինակ, բանաստեղծությունների հեղինակ, հրապարակախոս, բայց ես մասնագիտությամբ ու կրթությամբ իրավագետ եմ, և ժամանակին էլ ղեկավարել եմ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը, ունեմ մի քանի գրքեր այդ թեմայով գրված և լավ հասկանում եմ բառի արժեքը, ունեմ բառի պատասխանատվության զգացում, որի մասին ակնարկեցիք»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե կա՞ որևէ երկիր, որը հասել է բացարձակ ժողովրդավարության, Պարույր Հայրիկյանը հակառակեց. «Չի կարող լինել, ես դեռ նոր եմ հայտնագործել։ Դա հավասարազոր է նրան, որ Արամ Խաչատրյանին հարցնեիք որևէ երկրում «Սպարտակը» գրե՞լ են։ Մինչև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը այն ոչ մի ուրիշ երկրում չկար։ Բայց հիմա աշխարհով մեկ շատ սիրված է»։
Հայրիկյանն ընդգծեց՝ խոսքը վերաբերում է համակարգին և ավելի պարզ լինելու համար իր հայտնագործությունը համեմատեց մեքենայի հետ։ «Այսինքն՝ օրինակ կարող է լինել ընտիր ինքնաշարժ, որը ժամում սլանում է մինչև 600 կմ/ժամ արագությամբ, բայց հարբեցող վարորդը նստի այդ ինքնաշարժի ղեկին, և այն ընթանա 110 կմ/ժամ արագությամբ, որովհետև վարորդը չի ուզում իրեն վնասել։ Հիմա մենք համակարգի մասին ենք խոսում, որովհետև ուզում ենք օրենքով ամրագրված փոխհարաբերություններ ունենալ հասարակության ներսում»,- ասաց նա։
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ըստ իր բացարձակ ժողովրդավարության համակարգի՝ ոչ մի ընտրողի ձայն, ցանկացած ընտրահամակարգով դուրս չի մնա ներկայացուցչական մարմնից, իսկ քաղաքական գործիչները հենց այս համակարգի օգնությամբ կզգան, որ իրենք ընդամենը միջնորդներ են։
«Հայտնի բոլոր համակարգերը համադրել եմ, ստուգել եմ, թե որոնք են ներկայացուցչական։ Ժողովրդավարություն բառն ինքնին բացել եմ (ստուգաբանել եմ)։ Ժողովրդավարություն նշանակում է ժողովրդի մասնակցություն երկրի կառավարմանը, բոլոր մյուս խոսքերն արդեն ածանցյալ են, ինչպես օրինակ՝ ընտրական իրավունք, խոսքի ազատություն։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ այդ բանաձևով կարելի է չափել, հետո այդ նույն բանաձևի օգնությամբ էլ բարձրացնել ժողովրդավարությունը»,- ասաց նա։
Հարցին, որ եթե նույն բանաձևով հաշվենք Հայաստանում ժողովրդավարության տոկոսը ինչքան կկազմի, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ամերիկյան մասնագետները, որոնք օգտվում էին իմ բանաձևից, երբ նա դեռ ամբողջական չէր, այսինքն՝ ֆեդերալ պետությունների գործակիցը դեռ մտցված չէր, այդ պայմաններում հաշվել էին և գտել, որ 15% ժողովրդավարություն ունի Արգենտինան, 70%՝ Միացյալ Նահանգները, մերոնց տվյալները չէին տվել։ Հիմա, օրինակ՝ սահմանադրական բարեփոխումներից հետո որոշ բաներ կարգի բերվեցին, բայց քանի որ 4 տարին դարձավ 5, իսկ ՏԻՄ-ը՝ 3-ից 4, դրանով քաղաքացիների մասնակցությունը պակասեցվեց։ Երբ ես պնդեցի, պատկերացրեք՝ 15-20 տոկոսի մասին է խոսքը, դա դեռ վերաբերվում է համակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով, թե ընտրական գործընթացները չհաշված։
«Դրան գումարած տարբեր տեսակի ապուշների միջամտությունը, ընտրական գործընթացների ճամարտակությունները, իրավախախտումները, ընտրակաշառքը։ Բայց իմ այս հաշվարկի մեջ չի մտնում առօրեական ներգործությունը, քանի որ հանցավոր գործունություն է դա և պետք է կանխվի օրենքով»,- նշեց նա։
Ավելին, Պարույր Հայրիկյանի բանաձևին ծանոթացել են նաև եվրոպացիները։ «Շատ տխուր լուր ստացան եվրոպացիներն ինձանից. գերմանացի մասնագետներն ասել էին՝ «Մենք կարծում էինք ժողովրդավարական երկիր ենք, բայց Հայրիկյանը մեզ ցույց տվեց, որ, ավաղ, մենք ժողովրդավարությունից հեռու ենք»։ Հիմա Վրաստանում են հետաքրքրություն դրսևորել, շատ լուրջ հետաքրքրություն կա Աբխազիայից։ Եթե աբխազներն ընդունեն՝ ես դեմ չեմ լինելու, իսկ դա կկոչվի հայ հեղինակի կողմից ստեղծված աբխազական մոդել, որն ամբողջ աշխարհը պարտավորված կլինի ընդօրինակել, որովհետև ես ապացուցել եմ, որ ոչ Անգլիայի, ոչ Ֆրանսիայի և ոչ էլ Ամերիկայի համակարգերը դեմոկրատ չեն»,- հայտարարեց նա։
Պարույր Հայրիկյանը դեմ է այն սկզբունքին, թե լավ գրված օրենքները ոչինչ են, եթե դրանք չեն կիրառվում։ «Պյութագորասի թեորեմը տիեզերքն է, որի ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին, հիմա այդ օրենքի իմացությունը կարևո՞ր է, թե՞ կարևոր չէ։ Ինչ-որ ճարտարապետ կարող է կիրառել մի քիչ շեղում թույլ տալով, բայց դա թեորեմին չի վերաբերվում»,- ասաց նա։
Վերջում Պարույր Հայրիկյանն ասաց. «Անկախ Հայաստանի խնդիրը լուծվեց, հիմա ժողովրդավարության հաստատման ճանապարհն է սա։ Սա բոլոր կամեցողների աշխատանք է, Աստված տա, որ սա Հայաստանը դարձնի իր սեփականությունը, որովհետև սա Հայաստանին շատ մեծ վարկ է բերելու»։










