Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ինչ աշխատանքներ է տանում Գերմանիայի հայ համայնքը
Գերմանիայում մոտ 1,5 միլիոն թուրք է բնակվում և այս պայմաններում Բեռլինի հայ համայնքը փորձում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ որոշ աշխատանքներ տանել։ Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ հայ համայնքը Գերմանիայում թույլ է, չնայած որ ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության ճանաչման համար ցույցեր ու բողոքի ակցիաներ են անցկացնում։
«Մենք այդ ուժը չունենք,որպեսզի հակադրվենք թուրքական լոբբինգին, դրա համար, մենք համագործակցում ենք մյուս ազգերի հետ»,- ասաց նա և ներկայացրեց կատարված աշխատանքը, որն ըստ նրա՝ այնքան էլ շոշափելի չէ, բացառությամբ այն բանի, որ մամուլը և գիտական հատվածը Ցեղասպանության փաստի եղելությանը մազաչափ չեն կասկածում։
Հայ համայնքը նաև շարունակում է ցեղասպանության վերաբերյալ գրքեր հրատարակել, որոնց թիվը 15-ից անցել է։ Սակայն ամենակարևորը հասել են նրան, որ պետությունը Ցեղասպանություն հուշակոթող տեղադրելու համար տարածք է հատկացրել։ Տեղը, սակայն, դեռևս նրանց սրտով չէ, այն Բեռլինի պանթեոններից մեկում է, իսկ իրենք ցանկանում են Հայոց ցեղասպանություն հուշակոթող դնել հանրային վայրում։
«Ամեն դեպքում մեզ անհրաժեշտ է, որ մի կոթող լինի, ուր մենք գնանք և ծաղիկ դնենք մեր նախնիների հիշատակի համար», -ասաց նա։
Խոսելով Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբից՝ Ժիրայր Քոչարյանը նշեց, որ այն ոչ հայկական կազմակերպություն է, հիմնականում գերմանացիներ են, ովքեր համագործակցում են հույն, ասորի, արամեալեզու քրիստոնյաների և բոլոր նրանց հետ, ովքեր գտնում են, որ ցեղասպանությունը մարդկության ամենամեծ հանցանքն է։ «Թուրքիան կրկնահանցագործ է և սերիական ցեղասպան»,- ասաց նա։
Ժիրայր Քոչարյանը ներկայացրեց 2005թ-ի Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի Բունդեսթագի որոշումը։ «Կարճ ասած Բունդեսթագը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլ ասում է, որ տխուր ենք, որ անցյալում նման բան է տեղի ունեցել՝ շեշտը դնելով հայ-թուրքական հաշտեցմանը»,- ասաց նա, ընթերցելով վերնագիրը. «Հայերի 15 թ-ի հալածանքների և կոտորածների վերհիշում. Գերմանիան պարտավորվում է նպաստել հայերի և թուրքերի միջև հարաբերությունների հաստատմանը»։
Այս տարի, նրանց կազմակերպությունը Գերմանիայում Բունդեսթագի 4 կուսակցություններին նամակ էր ուղղել՝ պահանջելով անդրադառնալ 2005թ-ի «կիսատ-պռատ որոշմանը և վերանայել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ»։
«Մենք ուզում ենք Գերմանիայի պետությունը սուտ ու սխալ հայտարարությունից վազն անցնի և Թուրքիային հասկացնի, թե ինչ է եղել իրականում։ Պատասխանից իմացանք, որ ոչ մի բան չեն ուզում անել»,- ասաց նա։










